Մատչելիության հղումներ

Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ կիրականացվի. ՔԿ


Որոշում է կայացվել Զինված ուժերի նախկին Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնել, հայտնում է Քննչական կոմիտեն:

Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու մեջ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, ըստ Քննչականի, հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին՝ լուսաբացին, «հակառակորդն օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ»:

Ապա մայիսի 14-16-ը Կարապետյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված «անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ», որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: ՔԿ-ն որպես այդ ծանր հետևանքներ նշում է այն, որ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը:

Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Հայաստանի կողմից հետախուզվող նախկին նախարար Կարապետյանին 2024-ի դեկտեմբերին ռուսաստանցի իրավապահները հայտնաբերել էին Մոսկվայում, ձերբակալել, ապա ազատ արձակել:

Շուրջ 3 տարի Կարապետյանը վարչապետ Փաշինյանի խորհրդականն էր: Արդեն 2021-ին նշանակվեց պաշտպանության նախարար, պաշտոնազրկվելուց հետո իր նախկին ղեկավարին մեղադրեց դավաճանության մեջ, պնդեց, թե հենց դա հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։

Պաշտպանության նախարարի պաշտոնում երեք ամիս աշխատելուց հետո հեռացված Կարապետյանը մոտ երկու տարի լռելուց հետո պնդել էր, թե իրեն պաշտոնից ազատել են՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։


Նրա հրաժարականին նախորդել էին մի շարք սահմանային միջադեպեր։

XS
SM
MD
LG