Մատչելիության հղումներ

«Կորեայի ձորը»՝ շինարարական աղբավայր


«Կորեայի ձորը» վերջին տարիներին մայրաքաղաքում թափ առած շինարարությանը զուգահեռ վերածվում է շինարարական աղբավայրի: Պատահական մի օր «Կորեայի ձոր» կարճ այցելությունն էլ բավական էր շինաղբ թափելու առնվազն երկու դեպք արձանագրելու համար:

Երևանում այս պահին 350-ից ավելի բազմաբնակարան շենք է կառուցվում: Վերջին տասը տարում մոտ 5.5 հազար ավարտական ակտ է տրվել, այսինքն՝ այդ մեծ ու փոքր շինություններն արդեն կանգուն են: 17 հազարից ավելի նոր շինթույլտվություն տրվել է վերջին 5 տարիներին: Այդ շենքերի միայն հիմքերը փորելիս հսկայական քանակությամբ գրունտ է հանվում:

Երևանում քաղաքապետարանը միայն երկու տարածք է առանձնացրել շինաղբի համար՝ մեկը Նուբարաշենի աղբավայրի մոտ է, մյուսը Սիլիկյան թաղամասին հարող նախկին քարհանքի անօգտագործելի խորշերի տարածքն է:

Բայց թույլատրված վայրերին զուգահեռ՝ շինաղբը Հայաստանում լցվում է որտեղ պատահի, ամայի վայրերում, ձորակներում, ու հատկապես Երևանի և Կոտայքի մարզի միջև գտնվող «Կորեայի ձոր» կոչվող հատվածում, որն ակտիվ կառուցապատվող Արաբկիր, Դավթաշեն ու Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի կողքին է՝ թաղամասեր, որոնցում այժմ մոտ 1.5 հազար շինթույլտվություն կա տրված:

Կառուցապատող ընկերություններից մեկի ղեկավարը չներկայանալու պայմանով «Ազատության» հետ զրույցում ասաց, որ, օրինակ, 4 -5 բազմահարկ ունեցող համալիրի հիմքերը փորելուց մինչև հազար բեռնատար գրունտ կարող է դուրս գալ: Ու կառուցապատող ընկերություններին հիմնականում չի հետաքրքրում, թե ուր կգնա շինաղբը: Դրանով զբաղվում են հողային աշխատանքներ անող ընկերությունները, որոնք էլ հենց տեղափոխում են շինաղբը, հաճախ պատվիրակում անհատների: Թե ի վերջո որտեղ կհանգրվանի այդ շինաղբը, շատ դժվար է վերահսկել, հարցը հաճախ հանգում է գումար շահելուն. որքան քիչ տարածք անցնի բեռնատարը, այնքան ավելի քիչ վառելիք այն կօգտագործի, և թույլատրված հեռու ու չթույլատրված, բայց մոտ վայրում շինաղբը թափելու միջև տարբերությունը կարող է արդյունքում կլորիկ գումար կազմել:

Իսկ թե որքան դրամատիկ է փոխվել «Կորեայի ձորն» ու կիրճի հարակից հատվածը, կարելի է տեսնել՝ համեմատելով վերջին տասնամյակում արված արբանյակային նկարները: 5-6 տարի առաջ երևում է՝ ձորում թեև շինաղբ կա, սակայն քանակությունը շատ չէ: 2024 թվականին արդեն իրավիճակը կտրուկ տարբերվում է. շինաղբի բլուրներ են լանջերին, Հրազդան գետի հունը նեղացած է այնքան, որ գետն այդ հատվածում վերածվել է փոքր լճակի:

Իրավիճակի ամբողջական պատկերը հասկանալու համար պետք է հաշվի առնել, որ օր-օրի ավելացող շինաղբի ծանրության տակ մնացող այս լանջը ակտիվ սողանքային գոտի է: Սողանքի վրա օր-օրի լցվող շինաղբը վերջին տարիներին ավելի հաճախ է այս հատվածներում փլուզումների հանգեցնում:

Փլուզումների ու ակտիվացած սողանքների անմիջական հետևանքը նաև Արաբկիրի բնակիչներն են կրում՝ օրերով մնալով առանց ջրի: Հողի շերտի սահքի պատճառով հաճախ վթարվում է Արզնի-2 մայրուղային ջրատարը՝ մի քանի մետրանոց շատրվաններ առաջացնելով տեղում:

Ըստ «Վեոլիա ջրի» տրամադրած տեղեկությունների՝ վերջին տարիներին այդ հատվածում զգալի ավելացել է ջրատարի վթարների թիվը` սողանքի և շինաղբ թափելու պատճառով: Եթե 2014-17 թվականներին տարեկան հիմնականում մեկ դեպք էր գրանցվում, ապա 2018 -2021-ը տարեկան միջինը արդեն երեք վթար է եղել, իսկ վերջին երեք տարում՝ միջինը հինգ դեպք: Ամենամեծ թվով վթարներն այդ հատվածում տեղի են ունեցել 2022-ին՝ Արզնի-2 ջրատարը վնասվել է 7 անգամ:

Արրբանյակային լուսանկարները ևս վկայում են՝ հենց 2022-23 թվականներին են «Կորեայի ձորում» լանդշաֆտի ամենազգալի փոփոխությունն ու աղտոտման ամենամեծ ծավալներն արձանագրվել:

«Ազատության» մեծ ռեպորտաժը՝ ստորև.

«Կորեայի ձորը»՝ շինարարական աղբավայր
please wait

No media source currently available

0:00 0:14:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG