«Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել», - հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ «այս պահին կա՞ հնարավորություն ընդդիմադիր դաշտը համախմբելու և համատեղ պայքարի դուրս գալու ներկա իրավիճակի դեմ»։
«Նայած մենք ի՞նչ ենք հասկանում համախմբվելու տակ։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է», - նշել է Քոչարյանը՝ «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը: