Մայիսի 1-ը Երևանում նշվեց ինչպես հին՝ խորհրդային ժամանակներում, բայց այս անգամ Հանրապետության հրապարակում ոչ թե կոմունիստներն էին, այլ՝ վարչապետ Փաշինյանն իր թիմով, որ փակված Ամիրյան փողոցով անցնելիս հերթով մոտենում, բարևում էր իրեն մեկ ժամից ավելի սպասող տարբեր բիզնեսների աշխատողներին:
«Լավ միջոցառում ա, ինձ դուր ա գալիս: Շնորհակալ ենք աշխատանքի համար», - ասում էր վարչապետը:
Շքերթը սկսվեց 40 րոպե ուշացումով, արևի տակ «Ֆասթ Բանկ»-ի, «Վիվա»-ի, «Արմենիա Վայն»-ի, «Երեմյան»-ի, «Ջերմուկ»-ի, «Սիլ»-ի, «Վեգա»-ի և մյուսների աշխատողները սպասում էին վարչապետին: Փաշինյանը երկու շաբաթ առաջ էր ընդունել տոնական շքերթի մասնակից որոշ ընկերությունների, օրինակ՝ «Երեմյան»-ի, «Արմենիա Վայն»-ի, «Վեգա»-ի, «Թիմ Տելեկոմ»-ի, «Ֆասթ Բանկ»-ի ղեկավարներին, քննարկել տնտեսության զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման հարցերը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մինչև շքերթը ասում էր, թե մամուլից է իմացել միջոցառման մասին ու եկել զբոսնելու. - «Տեղեկացված չեմ, ես, ճիշտն ասած, մամուլից իմացել եմ, որ շատ լավ միջոցառում կա, եկել եմ աղջկաս հետ էստեղ օրս վայելելու»: Հետո, երբ վարչապետը ժամանեց, Պապոյանը միացավ նրան ու մյուս թիմակիցներին:
Ո՞վ է Հանրապետության հրապարակը ողջ օրը փակած ու բիզնեսի ներկայացուցիչներին մի տեղում հավաքած միջոցառման կազմակերպիչը, նախարարը տեղյակ չէր:
«Ունեմ վստահություն, որ պետական մարմինները որոշակի մասնակցություն ունեն, ուղղակի ես դրա մասին տեղեկացվածություն չունեմ: Ես կարծում եմ՝ եթե ունենք, պետք է անպայման էնպես անենք, որ հաջորդ Մայիսի 1-ն էլ էսքան լավ անցնի, հաջորդ քաղաքացու տոնն էլ էսքան լավ անցնի, որովհետև, էլի եմ կրկնում, տոնական տրամադրությունը շատ կարևոր է տնտեսական ակտիվության ու տնտեսական զարգացման համար», - ասաց Պապոյանը:
Այսօրվա տոնական միջոցառման հեղինակը էլի «Դոմինո փրոդաքշըն»-ն էր, որը վերջերս կազմակերպել էր նաև Գյումրիում ու Երևանում անցկացված մեծ համերգները: Գյումրիում անգամ Փաշինյանի «Վարչաբենդն» էր նվագել, միջազգային աստղերի մասնակցությամբ Երևանի համերգն էլ Քաղաքացու օրվան էր նվիրված:
Ինչո՞ւ անցած Մայիսի 1-երն այսպիսի շուքով չէին նշվում. էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարն ափսոսանք հայտնեց ու պնդեց, թե սա առաջիկա ընտրությունների համար չի արվում. - «Չէ, քարոզչություն անում են մյուսները՝ կարճ սպարտիվկա բաժանելով»:
Քարոզչություն չէր, բայց այսօր էլ վարչապետ Փաշինյանն իր քարոզչական սրտիկն ու Հայաստանի քարտեզով կրծքանշաններն էր բաժանում: Հոծ բազմություն էր հավաքվել անվտանգության աշխատողներով շրջապատված Փաշինյանի շուրջ՝ սպասում էին իրենց հերթին, որ լուսանկարվեն:
65-ամյա Քնարիկ Մելքոնյանին հրապարակ էին բերել խորհրդային հուշերը: Մեկ էլ Մայիսի 1-ը տոնել էր 80-ականների վերջին՝ կոմունիստների օրոք: Թոռներին էր բերել: Նկատեց, որ հիմա աշխատողների իրավունքներն այդքան էլ պաշտպանված չեն. - «Հիմա շատ քիչ են ստանում աշխատավարձ, հետո պարտաճանաչ չեն տալիս: Իսկ էն ժամանակ ուրիշ էր»:
Շքերթի մասնակից տարբեր ընկերությունների աշխատողները՝ օդաչուներից մինչև բորտուղեկցորդուհիներ, սպասարկման ոլորտից մինչև վարորդներ, «Ազատությանն» ասում էին՝ գիտեն, որ հանգստյան օր է, բայց չեն ցանկացել հետ մնալ կոլեկտիվից ու հանգիստն իրենց ուզածով կազմակերպելու փոխարեն եկել են հրապարակ:
Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ֆլայուան»-ի օդանավի հրամանատար Արսեն Պողոսյանը գործընկերների հետ եկել էր ներկայացնելու ավիաընկերությունը: Պատմում էր, որ արտերկրում աշխատելուց հետո հպարտությամբ է կառավարում հայկական օդանավն ու վայրէջք կատարելուց հետո հյուրանոց գնալու փոխարեն տուն գնում:
Հանրապետության հրապարակում իրենց իրավունքների տոնն էին նշում նաև Yandex-ի հնդիկ առաքիչները։ «Ազատություն»-ը հաճախ է բարձրաձայնում Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտումների մասին, մինչդեռ այսօր նրանք ևս հրապարակում էին՝ իրենց համար աշխատանքային օրը համատեղելով աշխատավորների տոնի հետ։