Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատեց ընտրությունների վերջնական արդյունքները։
«Վերջնական արձանագրությունը կազմված է։ Դրանով փաստացի ավարտվում է ընտրական շրջանը», - հայտարարել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին։
ԿԸՀ նիստը մեկնարկել էր միջադեպով․ ԿԸՀ հանձնաժողովի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրթաձեն մուգ հեղուկ էր լցրել ԿԸՀ նախագահի վրա՝ մեղադրելով նրան անարդար որոշումներով երկիրը դեպի Ռուսաստան տանելու մեջ։
Նիստն ընդհատվել էր, հանձնաժողովի ընդդիմադիր անդամին անվտանգության աշխատակիցները հեռացրել էին նիստերի դահլիճից։
Միջադեպից րոպեներ անց նիստը վերսկսվել էր։ ԿԸՀ նախագահը, ով դահլիճ էր վերադարձել աչքը կապած, հայտարարել էր, որ ընդդիմադիրները ոչնչի չեն հասնի ահաբեկման միջոցով՝ շեշտելով, թե «իրական հանգամանքներ չկան, որոնք կվկայեն ընտրություններում շահարկումների մասին»։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 26-ի էին։ Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը, որոշ ընդդիմադիր առաջնորդներ արդեն հայտարարել են մանդատներից հրաժարվելու որոշման մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները։