Աղմկահարույց պաշտոնանկություններից 4 օր անց դեռ թափուր են Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոնի և ՊԵԿ-ի նախագահների աթոռները։ Թե ովքեր կնշանակվեն այս առանցքային պաշտոններում, պարզ չէ, վարչապետ Փաշինյանը դեռ լռում է։
Գուցե լռությունը խախտվի մի քանի ժամից. Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը կհեռարձակվի այսօր երեկոյան։ Մինչ վարչապետը կխոսի, մամուլն արդեն մի շարք անուններ է շրջանառում: Մասնավորապես, ըստ լրատվամիջոցների, պաշտոնանկ արված Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում կփոխարինի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալը՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Պողոսյանը։
43-ամյա Պողոսյանը Գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել 2022 -ին։ Մինչ այդ նա զինվորական դատախազի տեղակալն էր, իսկ 2020 -ին, երբ ԱԱԾ-ն ղեկավարում էր Արգիշտի Քյարամյանը, կառույցի քննչական դեպարտամենտի պետն էր:
Ինքը՝ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Քյարամյանը ևս, ըստ մամուլի, անգործ չի մնա և առաջիկայում կնշանակվի կա՛մ Պետական պահպանության ծառայության, կա՛մ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար։
Ի դեպ, Քյարամյանը ՊՎԾ -ում ևս աշխատանքային փորձ ունի։ 2022 -ին նա զբաղեցնում էր ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Պետական վերահսկողական ծառայության գործող ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 -ից, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, կգործուղվի Պետական եկամուտների կոմիտե՝ փոխարինելով պաշտոնանկ արված Ռուստամ Բադասյանին։
Չնայած մամուլի այս հրապարակումներին, երեկվանից Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, թե ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ Փաշինյանից դեռ չի ստացել։ Ամեն դեպքում նա «Ազատությանն» ասել էր՝ «վարչապետը որտեղ, ինչ խնդիր դնի, կգնա լուծելու»:
Մինչ նոր նշանակումները, այսօր հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելու դիմումն արդեն ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին։ Մանդատը վայր դնելու մասին Զեյնալյանը հայտարարեց նոյեմբերի 19-ին, պնդելով, թե դա իր նախաձեռնությունն էր։
Նարեկ Զեյնալյանի և Հովիկ Աղազարյանի վերաբերյալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում դեռ անցած ամիս կարգապահական վարույթ էր հարուցվել՝ խորհրդարանում տեղի ունեցած լսումներից հետո, երբ պատգամավորներն ու Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավարը վիճել էին, վիրավորել ու մեղադրել իրար։
Թեև մամուլը պնդում է, որ պաշտոնանկ արված 6 պաշտոնյաների օրինակով Զեյնալյանը նույնպես պատգամավորական մանդատից հրաժարվել է վարչապետ Փաշինյանի հորդորով, ինքը Զեյնալյանն այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ պարտադրանք չի եղել, դա իր որոշումն է՝ չխոսելով պատճառների մասին։ Նա նաև հերքեց տեղեկությունները, թե կարող է նշանակվել առողջապահության նախարար։
Օրենքի համաձայն՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում, Զեյնալյանը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, նրա պատգամավորի լիազորությունների կդադարեցվեն։ ՔՊ կուսակցության համամասնական ցուցակով հաջորդը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանն է: