Մատչելիության հղումներ

Կիսատ մնացած կյանքեր. չորս տարի առանց սիրելիների


Եռաբլուրը նոյեմբերի 9-ին
Եռաբլուրը նոյեմբերի 9-ին

«Էրեխեն որ գալիս ա գերեզման, էնտեղից ա վազելով գալիս, գրկում հորը». - Արցախից տեղահանված Ռայա Պետրոսյանի սփոփանքը պատերազմում զոհված որդու դստրիկն է. - «Մի երեխա ունի, վեց տարեկան ա»:

Տիկին Ռայայի որդին զոհվեց Մարտունիում՝ աղետալի պատերազմի վերջին օրը։ Չորս ընկեր, չորսն էլ Եռաբլուրում են՝ զոհվեցին իրար օգնության հասնելու ճանապարհին։ Արիության մեդալով պարգևատրված Հարութ Պետրոսյանը 30 տարեկան էր, զինղեկ, գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Որդեկորույս մայրն այսօր երկու դուստրերի, թոռների հետ մաքրեց տղայի շիրմաքարը, խնամքով շարեցին թարմ ծաղիկները։

«Վերջի օրը «Բայրաքթար» չէր, է, ինչ-որ սամալյոտ էր, տոննանոց ինչ-որ բան ա գցել, սաղ կոտորել ա էրեխեքին: Ինքը մնացել է, որ իրա ընկերոջը հանի՝ զոհվածի, Սևակը, իրա վրան էլ են գցել», - պատմեց տիկին Ռայան:

Քիչ այն կողմ 35-ամյա Էդուարդ Վարդանյանի գերեզմանն է։ Նա էլ է զոհվել հրադադարից մի քանի ժամ առաջ։ Հայրն ու կինը լուռ խունկ էին ծխում։

«35 տարեկան՝ նոր էր լրացել: Իր ամբողջ ուժը գալիս ա քեզ վրա, ու դու հասկանում ես, որ կա՛մ պետք ա դու էլ չապրես բացարձակ, կա՛մ պետք ա ապրես հանուն ինչ-որ բանի, ու էդ հանունն էլ էրեխեն ա, ու էդ հանուն հանունի ապրում ենք», - ասաց Հասմիկ Հովհաննիսյանը, - «Երեքուկես տարեկանում շատ կապված էին իրանք, ինքն էլ ուղղակի պապայի ուժը էրեխու վրա ա էկել, ինքը ընդունել ա էդ փաստը, որ հերոս պապա ունի, ու ապրում ա»:

Հասմիկի հիշողության մեջ ամուսնու վերջին հուսադրող խոսքերն են. - «Երկու ժամ առաջ ենք խոսել, ասաց՝ «չհավատաք ինչ կասեն», Շուշիի էն աժիոտաժն էր, որ մեկ ասում էին հանձնել են, մեկ ասում էին չեն հանձնել, ու հետո կապը ընդհատվեց, մի քանի օր արդեն կապ չկար, իմացանք, որ նոյեմբերի 9-ին վերջին զանգը էղել ա 7-ին 20 պակաս: Դրանից հետո արդեն բոլորդ էլ գիտեք՝ Մարտունի-3-ի վրա ինչ հարվածներ ա էղել օդային միայն»:

Էդուարդը պահեստազորի սպա էր։ Տանն էր թողել այդ ժամանակ երեքուկես տարեկան աղջկան ու հենց առաջին օրը գնացել պատերազմ: «Տեսնում էինք, էլի, ոնց են մյուսները գալիս, էդ պերեսմենկա ասվածը լինում, ինքը ոչ մի ձև չէր անում, ասում էր՝ «ես իմ էրեխեքին ո՞նց թողեմ գամ»: Ասում էինք՝ «բա քո էրեխե՞ն», ասում էր՝ «էն մեկն ա, դու կաս իրա գլխին, էստեղ շատ են ու ոչ մեկ չկա իրանց գլխին, ես ո՞ւր գամ», - պատմեց կինը:

Հարութ Պետրոսյանին կոմայից չհանեցին անգամ երեխայի ծիծաղն ու կնոջ ձայնը։ Մայրը՝ Անահիտ Պետրոսյանը, մեծ հույս ուներ, որ նոյեմբերի 3-ից վիրավորված որդու կյանքը Երևանում կկարողանան փրկել, բայց վնասվածքը շատ ծանր էր:

«Տեսա, բայց անգիտակից էր, էդպես էլ գիտակցության չեկավ: Մտածեցի՝ կբերենք Երևան, կնոջ ձայնը կլսի, էրեխու ծիծաղը կլսի, ուշքի չեկավ այդպես էլ, ամսի 11-ին ...», - պատմեց տիկին Անահիտը:

Ձեռքը գլխին, լայն ժպիտով, վառվռուն աչքերով մի երիտասարդ է նայում սառը շիրմաքարից. 27 տարեկան էր որդին, որ այդպես էլ չկարողացավ կյանքը մեծ քաղաքներում պատկերացնել ու միայն Ստեփանակերտում էր իր ապագան տեսնում։

«Արցախից երբեք հեռանալ չէր մտածում», - ասաց Անահիտ Պետրոսյանը:

Շիրիմի առջև նստել ու որդու հետ վերջին զրույցն էր հիշում, որ զոհվելուց օրեր առաջ, թեժ մարտերի օրերին ժամանակ էր գտել, զանգել մորն ու մանկության մի դրվագից հարցրել. - «Մի անգամ մենք տեղ էինք գնացել, իրան չէինք տարել, վիրավորվել էր, շատ փոքր էր, չէր մոռանում էդ բանը: Էդ ա, էդ հարցրեց, որ «ո՞ւր էիք գնացել», իսկ մենք գյուղ էինք գնացել, ինձանից էդ ճշտեց, ու վերջ, էդ վերջին օրն էր, դիրքը գնացին, ամսի 5-ին բոթը եկավ՝ վիրավորվել ա ... »:

Ծրագրավորող էր, պատմում է մայրը, մի նպատակ ուներ՝ մեծ տուն կառուցել Արցախում ու բոլորով այնտեղ ապրել։ 44-օրյա պատերազմը, սակայն, կիսատ թողեց ավելի քան 3 հազար 800 մարդու գործ ու կյանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG