Մատչելիության հղումներ

Կիրանցում դեռ ոչ ոք չգիտի՝ դպրոցականները սեպտեմբերին որտեղ դասի կգնան


Կիրանցի դպրոցի նոր շենքը 2024թ. ապրիլին
Կիրանցի դպրոցի նոր շենքը 2024թ. ապրիլին

Կիրանցում դեռ ոչ ոք չգիտի՝ դպրոցի 41 աշակերտները սեպտեմբերին որտեղ դասի կգնան։ Դպրոցի հին շենքը վաղուց վթարային է ու անհարմար կրթության համար։ Հենց դա է եղել պատճառը, որ 2016 թվականից քննարկել են այստեղ նոր դպրոց կառուցելու հարցը։ 2020-ին որոշում են ընդունել, 600 միլիոն դրամ նախատեսել, ու երկու տարի անց Փաշինյանի կառավարությունը սկսել է նորի շինարարությունը՝ հատվածական սահմանազատման հետևանքով այսօր արդեն սահմանի բերանին հայտնված տարածքում։

Այն արդեն պատրաստ է։ Գույքը՝ աշակերտական նստարաններ, գրատախտակներ, արդեն հասցրել են Կիրանց, հին դպրոցի շենքում տեղավորել։ Բայց այսօրվա դրությամբ սահմանային գոտում հայտնված նորակառույցի ճակատագիրն անհայտ է։

Կիրանցի դպրոցի հին շենքը, հուլիս, 2024թ.
Կիրանցի դպրոցի հին շենքը, հուլիս, 2024թ.

Դպրոցականներ ունեցող կիրանցեցիները կամ ասում են՝ երեխաներին հակառակորդին դեմ-դիմաց ուսման չեն ուղարկի, կամ էլ թե՝ ծնողների անելիքն է ավելանալու՝ ամեն օր կտանեն-կբերեն՝ անձամբ։ Չեն վստահում ոչ երեք մետր բարձրությամբ կառուցվող պատի, ոչ էլ կողքը կանգնած սահմանապահների անվտանգության երաշխիքներին։

«Պետք ա հետևենք մեր էրեխանցը: Կգնամ-կգամ, էնքան՝ դասը պրծնի, տուն գա: Կտանենք-կբերենք, որ վնաս չլի, թուրքը կանգնած ա», - «Ազատությանն» ասաց կիրանցեցի մի կին:

Մոտ երկու ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր՝ առաջիկա ամսվա ընթացքում հարցը կքննարկեն տեղացիների հետ, չցանկանան՝ ուրիշ տեղ նոր դպրոց կկառուցեն. - «Մենք մարդկանց ասել ենք՝ մի ամսվա ընթացքում, եթե էս կառուցվածքների արդյունքում իրենք կուզենան էս նոր դպրոցը հիմա բացվի, աշխատի, տեղի կունենա դա, եթե չէ, մենք նոր դպրոցի շենքը կամրացնենք ուրիշ պետական մարմնի՝ ասենք, օրինակ, Սահմանապահ ծառայությանը: Բայց ոնց գյուղացիները ուզենան, էդպես էլ կլինի: Նոր դպրոց կկառուցենք»:

Այս հարցը, սակայն, դեռ չի քննարկվել Կիրանցում։ Բնակիչներն իրենց հասած կցկտուր տեղեկություններն են փոխանցում, թե արդեն այս նորակառույցը ոչ թե դպրոցականներին, այլ սահմանապահներին կծառայի։

Հայտնի չէ նաև՝ Կիրանցի բնակիչների համար հարևան Աճարկուտում կամ դրան մոտիկ դպրոց կառուցելու հարց քննարկվո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Աճարկուտի դպրոցն ընդամենը 12 աշակերտ ու 16 աշխատող ունի։ Կիրանցից ընդամենը 2,5 կիլոմետր է հեռու։

Դպրոցն արդեն փակ էր, արձակուրդ են գնացել։ Տնօրեն Արտակ Վարդումյանը, որ տան բակում մեղուներին էր խնամում, ասաց՝ ոչ սահմանազատումից առաջ, ոչ էլ հետո երկու գյուղի ընդամենը 50 աշակերտի համար կրթությունը նույն շենքում կազմակերպելու տարբերակ չի քննարկվել։

Այս գյուղերում էլ դրան համաձայն չեն։ Թե՛ սահմանամերձ Կիրանցում ու թե՛ սահմանամերձի կարգավիճակ չունեցող Աճարկուտում նշում են, թե գյուղերը դպրոցով են գյուղ մնում։ Փակեն՝ գյուղն էլ կվերանա։

Տնօրենն ասում է՝ 20 տարի առաջ Աճարկուտի այս փոքրիկ դպրոցում, երբ ինքը տնօրեն է նշանակվել, 35 աշակերտ են ունեցել։ Անցած 20 տարիներին աշակերտների թիվը 2,5 անգամ նվազել է։

«Կան երիտասարդներ, որոնք ցանկանում են տուն կառուցեն, թեկուզ քիչ հնարավորություններով, բայց տուն կառուցեն, պարզապես հող չկա», - ասաց Վարդումյանը:

Կառավարությունից այսօր դեռ չեն պատասխանում՝ կա՞ արդյոք որոշում ավելի քան 600 միլիոն դրամանոց այս շենքի ու Կիրանց հասցված դպրոցական գույքի ճակատագրի մասին։ Անգամ դպրոցում չգիտեն՝ ամիսուկես անց որտեղ են սկսելու աշխատանքը։ Այստեղ 41 աշակերտ է սովորում։ Նորակառույցը նախատեսված է 100 աշակերտի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG