«Էս ժամանակները, որ մենք ենք ապրում, ես ճար եմ ման գալի՝ Նիկոլին բռնեմ վիզը պոկեմ», - հայտարարել է ԱՄՆ 72-ամյա քաղաքացի Ռաֆայել Սարգսյանը:
«Վիզդ կպոկեմ վրիցդ». - խորհրդարանում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այս արտահայտությունից 9 օր անց էլ Երևանի դատախազն ուսումնասիրում է՝ արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորի հասցեին սպառնալիք է հնչեցրել իշխանականը: Իրավապահները, սակայն, արագ կողմնորոշվել են Ռաֆայել Սարգսյանի դեպքում, երբ նա, Հովհաննիսյանի պես զայրույթի պահին, վարչապետ Փաշինյանի հասցեին էր արտահայտվել:
«Դժգոհությունները հիմնականում վերաբերում են արտաքին քաղաքականության, Արցախի հարցում հնարավոր զիջումներին, և դժգոհությունները հայտնելուց հետո մի արտահայտություն է անում, որ «ճար եմ ման գալիս Նիկոլ Փշինյանի վիզը պոկելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը:
Կալանավորված միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին Ռաֆայել Սարգսյանը չէր մասնակցում. կողքի սրճարաններից մեկում նստած էր, ու հետաքրքրությունից դրդված մոտեցել էր մասնակիցներին, այդ մասին հենց լրագրողներին էր ասել.
«Սպառնալիք չի էտի: Մի մարդ, որ թուրքին ա ծառայում, ի՛նչ գործ ունի էս երկրի որպես ղեկավար, կարա՞ք ինձի բացատրեք, չեք կարա, ոչ մեկն էլ չի կարա»:
Քննչական կոմիտեն վարութը նախաձեռնել է հանրահավաքից մեկ օր անց՝ հոգեկան ներգործության հոդվածով: Սարգսյանին մեղադրում են սպանության սպառնալիքի համար:
Փաստաբան Արմեն Անդրիկյանը, մինչդեռ, սա խոսքի ազատության սահմաններում է դիտարկում: Պնդում է՝ մարդն ընդամենը զայրույթի պահին այդպես է արտահայտվել, վիզ պոկելու որևէ իրական սպառնալիք, հնարավորություն, ցանկություն չկար:
«Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածը նախատեսում է, որ սպառնալիքը պետք է լինի իրական: Այնինչ դա խոսքի մեջ արված արտահայտություն է, զուտ ջղայնության դրսևորում է իրենից ներկայացնում, և էդ մասով ենթակա չէր նույնիսկ գործը հարուցման», - նշեց Անդրիկյանը:
Փաստաբանն ընդգծում է՝ այլ հարց է, եթե պաշտպանյալն ասեր՝ «վիզը կկտրեմ, կդանակահարեմ», միգուցե դրանք դիտարկվեին որպես իրական. - «Եթե ասեր, օրինակ, չգիտեմ, «վիզը կկտրեմ», չգիտեմ, «կդանակահարեմ», դա միգուցե ինչ-որ իրական շղարշ ստանար»:
Երկքաղաքացի 72-ամյա տարեց տղամարդու արտահայտությունները հանցագործություն որակած իրավապահներին փաստաբանը հիշեցնում է իշխանական պատգամավորների մասին: Արթուր Հովհաննիսյանն, օրինակ, երկու տարի առաջ էլ էր խորհրդարանում նման վարքագիծ դրսևորել, երբ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ». - «Ժողովրդին մեկը բան ասի՝ լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»:
Թեև Ղազարյանը դիմել էր իրավապահներին, որ գործ հարուցեն, բայց քննիչը մերժել էր, դատախազն էլ համաձայնել էր քննիչի հետ, թե Փաշինյանի թիմակցի արարքում հանցագործություն չկա:
Սակայն ընդդիմադիր հայացքներ ունեցող տարեցի դեպքում ոստիկանությունը ուղիղ եթերով հեռարձակված հանրահավաքը դիտել ու Ռաֆայել Սարգսյանի հարցազրույցն ուղարկել էր Քննչական, որն էլ ձերբակալել էր նրան, մեղադրանք առաջադրել:
«Կենցաղային մեր խոսքում բազմաթիվ նմանատիպ արտահայտություններ ունենք՝ «գլուխը կջարդեմ», «ոտքերը կջարդեմ», «ոտքերը կպոկեմ», - ասաց Անդրիկյանը:
Փաստաբանը փոխանցեց, որ դատարանը, սակայն, ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ, ազատ արձակել տարեց տղամարդուն, նաև մերժել է քննիչի միջնորդությունը՝ հրաժարվելով կիրառել վարչական հսկողություն և բացակայելու արգելք:
Ռաֆայել Սարգսյանի մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է կա՛մ տուգանք, կա՛մ ազատության սահմանափակում առավելագույնը երկու տարով, կամ էլ երկու ամսով ազատազրկում:
Ռաֆայել Սարգսյանն առաջինը տարեցը չէ, որ հետապնդվում է վարչապետին սպառնալու հիմքով: Ամիսներ առաջ էլ ձեռնափայտով վարչապետին հարվածելու մասին խոսքերից հետո մեղադրյալի աթոռին էր հայտնվել 55-ամյա ընդդիմադիր տղամարդը, որը դատաքննության ընթացքում մահացել էր, գործն էլ կարճվել մահվան հիմքով: Իսկ մեկ այլ տղամարդ՝ արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանն էլ հետապնդվում էր վարչապետի ուղղությամբ խնձոր նետելու համար: Նրան առաջին ատյանն արդարացրեց: