Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառումն ուղղակի խոսույթի տարբերության խնդիր է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սիմոնյանը, դրական գնահատելով իր ու Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումն, ասաց, որ այնտեղ անդրադարձ է եղել տերմինի գործածության մասին:
Սիմոնյանի խոսքով՝ Գաֆարովան ասել է, որ միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա: «Իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասում է՝ դե տարածքն այդպես է կոչվում, դրա համար այդպես են ասում», - նշեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ադրբեջանցի պաշտոնակիցը վստահեցրել է իր հայտարարություններում TRIPP տերմինն է կիրառում:
Սյունիքով անցնող ճանապարհը, որ պետք է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի, Բաքվից արդեն հինգերորդ տարին է՝ անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Երկու ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածը ստացավ «Թրամփի ուղի» անվանումը, բայց Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից:
Ալեն Սիմոնյանը նաև ասել է, որ Ժնևում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում անցկացված հանդիպման ամենակարևոր արձանագրումներից էր այն, որ տեսել է՝ «խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, մեր ընկալման մեջ է, այլև ադրբեջանական կողմի»: