Մատչելիության հղումներ

Խոշոր ավտովթար Գյումրիում. մեկ մարդ զոհվել է, 5-ը, այդ թվում՝ 8-ամյա աղջնակ, վնասվածքներ են ստացել

Լրացված

Ըստ վերակենդանացման բաժնի վարիչի՝ երեխայի վիճակը գնահատվել է ծանր:

Այսօր առավոտյան Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 5-ը, այդ թվում՝ 8-ամյա մի աղջնակ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Երեխան մահացածի դուստրն է, նրան «Գյումրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Ըստ վերակենդանացման բաժնի վարիչ Աշիկ Դալիբալդյանի՝ երեխայի վիճակը գնահատվել է ծանր:

«Մենք հայտնաբերել ենք ձախ անրակի կոտրվածք, կրծոսկրի կոտրվածք, աջ կողմից կողերի կոտրվածք և թոքի սալջարդ: Այո, բավական արտահայտված տրավմաներ կային, չնայած գանգուղեղային տրավմա մենք չենք հայտնաբերել, պարանոցային ողները ամբողջական էին, երեխան սկզբից՝ ընդունելու ժամանակ որ արդեն խոսակցական չկար, ռեակցիաները շատ թույլ էին, բայց կարճ ժամանակից հետո, երբ կատարվեց արդեն ցավազրկում և անհրաժեշտ միջոցառումներ ճնշումը բարձրացնելու նպատակով, հակաշոկային միջոցներ կատարվեցին, սկսեց խոսել. գիտակցությունը պարզ էր, պատասխանում էր հարցերին ադեկվատ, բայց ուներ ռետրոգրադ ամնեզիա, այսինքն՝ հետադարձ ամնեզիա՝ չգիտեր, թե իր հետ ինչ է կատարվել», - «Ազատությանը» ասաց Դալիբալդյանը՝ հավելելով. - «Հիմա, վիճակը մենք գնահատել ենք ծանր»:

Երեխան հոր հետ եղել է Ford մակնիշի մեքենայում, որը բարձված էր բանջարեղենով: Զոհվածը՝ Հարությունը, այդ տարածքից մի քանի մետր հեռու միրգ-բանջարեղենի վաճառքով էր զբաղվում: Հարվածի հետևանքով մեքենան բախվել է լուսատուի սյանը, իսկ քիչ հեռվում կողաշրջվել էր կանչի մեկնած հրշեջ մեքենան, որը ևս երեք մեքենայի էր բախվել: Կողաշրջված հրշեջ մեքենայում գտնվող երեք հրշեջները հոսպիտալացվել են «Գյումրի» ԲԿ-ում՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

Բժշկական կենտրոնի ընդունարանի բաժնի ղեկավար Վաղինակ Հովհաննիսյանն ասաց՝ վթարի զոհը տեղափոխվել է իրենց բուժկենտրոն, որտեղ արձանագրել են նրա կլինիկական մահը. - «Շտապօգնության մեքենայով են տեղափոխվել, մեկը՝ կլինիկական մահ, գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա, կենսաբանական մահ»:

Հրշեջներից երկուսին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն, մեկի մոտ կոտրվածքներ են:

«Պացիենտի մոտ կա ողնաշարի կրծքային հատվածի 5 և 8 ողերի եզրերի կոտրվածք, մյուս պացիենտը խնդիրներ չունի տրավմատիկ: Մեկը հոսպիտալացվում է ստացիոնար բաժանմունք, երկուսը ամբուլատոր են հետազոտվել, գնում են տուն», - ասաց Հովհաննիսյանը:

Դեպքի վայում աշխատում էին քննիչները, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հայաստանում գրեթե ամեն օր մեկ մարդ է մահանում տրանսպորտային պատահարից: Պաշտոնական թվերով՝ անցած տարի գրանցվել է 4 հազար 314 վթար, զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 6 հազարը: Այս տարվա առաջին երեք ամսում արդեն 60 մարդ է մահացել ավտովթարի հետևանքով: Երկու շաբաթ առաջ խորհրդարանում այս թեմայով լսումներ էին:

Կոնկրետ Գյումրիում ընդամենը 3-4 արագաչափ է տեղադրված, տեսախցիկներ առհասարակ չկան, ինչը ավելի է հեշտացնում կարգազանց վարորդների գործը: Ճանապարհների կահավորանքը բավարար չէ, նույնիսկ հաշվարկ էլ չկա, թե որքան գումար կպահանջվի Հայաստանի բոլոր ճանապարհները անվտանգության նշաններով կահավորելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարորդներն ամենահաճախը արագությունն են գերազանցում:

«Ամենաբարձր տոկոսը դա արագությունն է, երկրորդ տեղում հետիոտների կողմից կանոնների խախտումն է, և երրորդ տեղը, կարելի է ասել, շարքերի վերադասավորումը: Այս պատկերը կարող է տարեցտարի փոխվի որոշակի փոքր տոկոսով, բայց ընդհանուր պատկերը չի փոխվի, այսինքն՝ առաջին տեղում մենք ևս ունենալու ենք արագությունը», - հայտարարել է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Պողոս Շահինյանը;

Սրա հետ մեկտեղ, վերջերս իշխանությունն ավելացրեց վարորդների տուգանային միավորները՝ դրանք 9-ից դարձնելով 13, ինչը նշանակում է, որ մարդիկ ավելի շատ խախտում անելու հնարավորություն են ստանում՝ նախքան կզրկվեն վարորդական իրավունքից: Լսումների ընթացքում պաշտոնյաներն ասում էին, որ նախատեսում են փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների օրենքում՝ խստացնելով որոշ պատիժներ: Ոստիկանական մեքենաների վրա էլ հատուկ սարքեր են տեղադրվելու, որ առանց վարորդին կանգնեցնելու խախտումն արձանագրվի՝ լինի դա ամրագոտին չկապելու, թե, օրինակ, ղեկին ծխելու դեպք:

Թեև պաշտոնական թվեր հրապարակելիս մատնացույց էր արվում, որ, օրինակ, 2023-ի համեմատ 2024-ին մահվան դեպքերը 44-ով նվազել են, բայց քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ իրավիճակը շտկելու համար դեռ շատ անելիքներ կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG