Մատչելիության հղումներ

«Խայտառակ որակի ջուր, գրաֆիկ»․ «Վեոլիա Ջրի» դեմ 180 բողոք է ստացվել

Արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունից 4 օր անց, թե մուտքագրել է «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ բողոքը ուղղված Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին, վերջինս երեկվա դրությամբ ևս ավելի քան 180 բողոք է ստացել ընկերության դեմ։

Նախկին նախարարն իր նամակում 4 հիմնական բողոք է ներկայացրել՝ խմելու ջրի որակ, հավելագրումներ, ջրամատակարարման գրաֆիկ, ինչպես նաև ջրի հաշվիչների և տուգանքների հետ կապված խնդիրներ. «Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների քաղաքացիներ ուղղակի բողոքում են, թե ինչ խայտառակ որակի ջուր են իրենք խմում։ Երկու ամսից ամառային ժամանակում խայտառակ ջրի որակի սեզոնը կարելի է համարել բացված»։

Հովհաննիսյանն իր կարճ տեսանյութերում դեռ նախորդ տարվանից հայտնում է, թե «Վեոլիա Ջրից» դժգոհ բնակիչներն իրավական աջակցություն ստանալու համար բազմիցս դիմել են իրեն։
Վերջին տարիներին «Ազատություն»-ը նույնպես պարբերաբար անդրադարձել է ջրանջատումների ու խմելու ջրի որակի մասին սպառողների բողոքներին, որոնք հատկապես ամռանն են սրվում:

Երևանի մի շարք բնակավայրերում, օրինակ՝ Էրեբունի վարչական շրջանում բնակիչները խմելու ջուրը գնում են խանութից կամ կրում մոտակա ցայտաղբյուրից։ Վերջին հինգ տարիներին նույն պատկերը պահպանվում է: Նախորդ տարի բնակիչները կես լուրջ-կես կատակ ասում էին՝ եթե ցայտաղբյուրը չփակեն, այս տարի էլ ջուրն այդտեղից կտանեն։

Այս բողոքների ֆոնին իրավաբան Արփինե Հովհաննիսյանը նախորդ տարի Երևանի տարբեր վարչական շրջաններից վերցված ջրի նմուշները լաբորատոր ստուգման էր ուղարկել:

«Այն ջուրը, որը օգտագործում ենք մենք, մի շարք համայնքներում և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում չի համապատասխանում Առողջապահության նախարարության կողմից սահմանված թույլատրելի չափանիշներին։ Ջրի կոշտությունը, հանքայնացումը, ՊՀՇ-ը և մի շարք այլ ցուցանիշներ գերազանցում են այդ սահմանված թույլատրելի սահմանաչափերը, և տևական ժամանակ դրանք օգտագործելու դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ», - վստահ է նա։

Հովհաննիսյանին հազարավոր օգտատերեր էին արձագանքել՝ դժգոհելով խմելու ջրի որակից։ Սակայն «Վեոլիա Ջուր» ընկերությունից «Ազատությանը» հայտնել էին՝ ջրամատակարարման համար օգտագործվող ջրաղբյուրները նախկինի պես նույնն են և չեն փոխվել։ Իրավաբանի պնդմանը, որ լաբորատոր ստուգումներից հետո ջրում որոշ ցուցանիշներ գերազանցել են թույլատրելի շեմը, ընկերությունից արձագանքել էին՝ իրենք նման տեղեկատվություն չեն ստացել։

«Վեոլիա Ջրից» նաև ընդգծել են, որ խմելու ջրի որակի վերահսկողությունը կատարվում է իրենց լաբորատորիաներում՝ առողջապահության նախարարի հաստատած սանիտարական նորմերի համաձայն, իսկ նմուշառումն ու հետազոտություններն իրականացվում են սահմանված պարբերականությամբ։ Այսպիսով, խմելու ջրի որակի հետ կապված անհանգստության պատճառ ընկերությունը չէր տեսել:

Վերոնիկա Հայրապետյանը 5 տարի շարունակ նույնն է պահանջում՝ Էրեբունի վարչական շրջանում ջրանջատումների ժամերը կրճատել, խմելու ջրի որակը բարձրացնել. «Ամռան ամիսներին խմելու ջուր չէ, ջրանջատումները եթե հաշվարկենք, տարվա կեսը մենք ջուր չենք ունենում, և սպասարկումը թողնում են բնակիչների վրա, եթե որևէ բան վնասվում է։ Իրենք բացառությամբ վերանորոգում են միայն խողովակները, ինչը որ վթարվում է»։

Հայաստանում ջրային պաշարների խնդիր չկա, ինչո՞ւ է ամռանն այս հարցը սրվում, խորհրդարանում օրերս ընդդիմադիր պատգամավորներն էին հարցրել Ջրային կոմիտեի նախագահին: Արամազդ Ղալամքարյանն էլ պատասխանել էր՝ որպեսզի եղած ջուրը բնակչին հասնի, ենթակառուցվածքներ են հարկավոր, որոնք ավելի քան 30 տարի մաշված են, պնդել էր՝ պետությունն ու «Վեոլիա Ջուրը» մեծ ներդրումներ են անում, առաջիկա 5 տարվա համար էլ 70 միլիոն եվրո վարկ են վերցրել նաև այս հարցերը լուծելու համար: Բացի այդ, ըստ Ղալամքարյանի, կլիմայի փոփոխության հետևանքով բնական ջրամբարներում ջրերը 24 տոկոսով կրճատվել են, Երևանում ինտենսիվ կառուցապատումների հետևանքով նոր բաժանորդների թիվը մի քանի հազարով ավելացել է: Ջրանջատումների վերաբերյալ «Վեոլիա Ջրի» գրաֆիկն էլ, ասաց, կփոխեն՝ 7 ժամ տևող ջրանջատումները 3-4 ժամի կհասցնեն:

«Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր բավականին մեծ ծավալների։ Խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին, և ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ: Որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով», - ասել էր նա։

Արփինե Հովհաննիսյանը հակադարձում է՝ հայտարարվող միլիարդավոր ներդրումների մասին լուրերից հետո սպառողները բարելավում չեն տեսնում, ավելին՝ պետությունը պարբերաբար ընդառաջում է ընկերությանը, որն, ըստ նրա, իր պարտականությունները լավ չի կատարում:

«Եթե «Վեոլիա Ջուր» ընկերությունն ինձ ուղղված նամակում ասում է, որ 67.9 տոկոսը ջրի կորուստը կրճատել, հասցրել է 56.9-ի, մենք դա պետք է տեսնեինք ավելի լավ ջրամատակարարման գրաֆիկով, չենք տեսնում, իսկ իրենց փաստարկները կառուցապատման մասով ու բաժանորդների ավելացման մասով, թվերի մասով համոզիչ չեն», - նշեց նա։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ինչպե՞ս կարձագանքի «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ուղարկված ավելի քան 180 բաժանորդների բողոքներին. հանձնաժողովից փոխանցեցին, որ դիմումներն ուսումնասիրելու և որոշում կայացնելու համար առավելագույնը 1 ամիս ժամանակ ունեն:

XS
SM
MD
LG