Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին թերահավատ է Միացյալ Նահանգների հետ շարունակվող միջուկային բանակցությունների արդյունքների հարցում։
Այսօր ելույթ ունենալով Թեհրանում՝ Խամենեին մերժել է ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու Վաշինգտոնի պահանջը։ «Նրանք պետք է փորձեն անհեթեթություններ չխոսել», - IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի առաջնորդը և հավելել. - «Իսլամական Հանրապետությունը չի սպասում այս կամ այն կողմի թույլտվությանը»:
Անցած շաբաթներին տեղի ունեցած բանակցություններին անդրադառնալով՝ Խամենեին հայտարարել է. - «Մենք չենք հավատում, որ դրանք արդյունքի կհանգեցնեն, և չգիտենք, թե ինչ տեղի կունենա»։
Կիրակի օրը ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կրկին հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցույթուններում պնդում է ուրանի հարստացումից հրաժարվելու անհրաժեշտությունը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մերժել է այդ պահանջը, միաժամանակ հավելել. - «Եթե ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Իրանը չունենա միջուկային զենք, ապա համաձայնությունը մոտ է»։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև հաջորդ՝ արդեն հինգերորդ անուղղակի բանակցությունները նախատեսված են Հռոմում, կողմերը հանդիպման ժամկետները դեռևս չեն հայտնել։