Մատչելիության հղումներ

ԵՄ-ն 5.5 միլիոն եվրո կտրամադրի «Ազատություն» ռ/կ-ին՝ կենսական գործունեությանն աջակցելու համար


ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, Լոնդոն, 19-ը մայիսի, 2025թ.
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, Լոնդոն, 19-ը մայիսի, 2025թ.

Եվրոպական միությունը 5.5 միլիոն եվրո կտրամադրի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին՝ լրատվամիջոցի կենսական գործունեությանն աջակցելու համար, այսօր հայտարարեց դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Նրա խոսքով՝ ֆինանսական միջոցները կհատկացվեն Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամից։ Կալլասն ընդգծել է՝ սա կարճաժամկետ արտահերթ ֆինանսավորում է, որը նախատեսված է անկախ լրագրության անվտանգության համար։

«Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի ․․․ իրականում օգնել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին աշխատել և գործել մեր հարևանությամբ այն երկրներում, որոնք մեծապես կախված են «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի դրսից եկող լուրերից՝ լինի դա Կովկասը, թե Կենտրոնական Ասիան»,- հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը՝ կարևորելով նաև անդամ պետությունների ներգրավվածությունը լրատվամիջոցի համար երկարաժամկետ ֆինանսավորման լուծումներ գտնելու գործում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 7 դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև USAGM-ն է։ Հրամանագրի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:

«Ազատություն»-ը USAGM-ի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով կանխել Կոնգրեսի կողմից «Ազատությանը» տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու գործակալության փորձերը։ Լրատվամիջոցը պնդում է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG