Մատչելիության հղումներ

Խաղողի բերքն առատ է, կա պետական աջակցություն, բայց արտահանման խոչընդոտները «խեղճացրել են» որոշ գործարանների


Չնայած կառավարությունը մի քանի ծրագրերով աջակցում է խաղողագործներին ու գործարաններին, որ մթերման գործընթացը չընդհատվի, այդուհանդերձ մի շարք գործարաններ այդ աջակցությունից չեն օգտվել։ Որոշներն էլ մթերման սեզոնի ընթացքում դադարեցրել են խաղողի ընդունումը։

«Մեկը փակ է, մեկը բաց է: Զանգում ես գյուղացուն, ասում ես՝ սուբսիդիան չի տալիս, դրա համար խաղողը չեմ ընդունում, փակում եմ, բա եղա՞վ: Ձեն-ձենի տված՝ զավոդները 1-2 օրվա մեջ փակում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացին, որ չցանկացավ նկարահանվել:

Նա պատմեց՝ «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի հետ պայմանագիր ուներ, բայց ասել են՝ դադարեցնում են մթերումը. «Ամենամեծ մթերողներից մեծն է «ՄԱՊ»-ը, ես այնտեղ պայմանագրեր ունեի, բայց չսկսած մթերելը, սեփականատերերը որոշեցին փակել: Ասում է՝ պետությունը չի ֆինանսավորում, պետությունն էլ ասում է՝ իրենք չեն դիմում: Մեկը մյուսի վրա գցելով»:

Կառավարությունը խաղողի մթերման վարկային ծրագրով ոչ միայն մինչև 50 տոկոս գրավի երաշխիք է տրամադրում գործարաններին, այլև վարկերի տոկոսադրույքի 9 տոկոսն է սուբսիդավորում:

Այնուամենայնիվ, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի դեպքում սեփական գրավն ու կառավարության 50 տոկոս երաշխիքը միասին բավարար չեն եղել, որպեսզի բանկը վարկ տրամադրի։

Գործարանի տնօրեն Մակար Պետրոսյանն «Ազատությանն» ասաց՝ իրենք կարողացել են ընդունել միայն պլանավորած քանակը և դադարեցրել են մթերման գործընթացը։ Այժմ, ըստ նրա, ֆինանսական խնդիրները լուծված են, պատրաստ են ևս մոտ 2500 տոննա խաղող ընդունել, բայց ավելին՝ ոչ:

«Գյուղացիներ կան, որ երբ մենք առաջին փուլով խնդիր ենք ասել, որ կա, այդ ժամանակ արդեն այլ գործարաններ փորձել են հանձնել: Այս պահին եթե կա գյուղացին, թող բերի, ես իր խաղողը նորից կվերցնեմ: Մենք ընդհանուր մթերելու ենք 16 հազար 500 տոննա խաղող, 2025 թվականի մեր մթերումը կազմում է 2.3 միլիարդ, որից 350 միլիոն ամենավերջում ենք ավելացրել», - նշեց Պետրոսյանը:

Նա շեշտեց՝ այս տարվա արտահանման խնդիրներն են ստիպել, որ ավելի քիչ խաղող մթերեն:

«Ազատությանը» երեկ հանդիպած գյուղացիները պատմում էին, որ Արմավիրի մարզում մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Մուլտի գրուպ»-ին պատկանող «Նոյ» գործարանն էլ է դադարեցրել մթերումը: Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գործարանից «Ազատությանը» փոխանցեցին՝ պլանավորած ամբողջ ծավալն ընդունել են գործող ամենաբարձր գնով՝ 1 կգ-ը 150 դրամ ու ավարտել գործընթացը: Իսկ մթերումը սկսել են սեպտեմբերի 18-ին, ավարտել հոկտեմբերի 5-ին: Այդ օրերի ընթացքում օրական միջինում 500 տոննա խաղող է գործարանը մթերել: Պնդեցին՝ իրենց հետ պայմանագիր ունեցողների բերքը մթերել են, գումարն էլ մինչև վերջ վճարել են, կառավարության վարկային ծրագրերից չեն օգտվել, որովհետև դրա կարիքը չեն ունեցել:

Այսօր առավոտյան էլ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ազդարարեց՝ հաջողությամբ ավարտում են խաղողի մթերումը: Ըստ նախարարի՝ եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում մթերվել էր 160 հազար տոննա խաղող, ապա այսօր այդ թիվն արդեն 192 հազարի է մոտենում:

«Ամբողջ անցած տարի մթերվել է 164 հազար տոննա, իսկ այս տարի ընդհուպ մինչև 196-197 հազար տոննա կարող է մթերվել: Առհասարակ մոտավորապես մնացել է տեխնիկական սորտերից մթերելու մոտ 3 հազար տոննա, և մի փոքր էլ կլինեն խաղողի սեղանի սորտեր, որոնք կմթերվեն», - ասել է նա:

«Գինու ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ կառավարության աջակցության ծրագրերը կարևոր են, բայց չեն կարող ամբողջությամբ մեղմել արտահանման խոչընդոտների հետևանքները։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը դիտավորյալ է բարդացրել հայկական ալկոհոլի մուտքը իր շուկա՝ այդպես արձագանքելով Հայաստանի դեպի Եվրոպա միտված քաղաքականությանը, իսկ Վրաստանն էլ իր հերթին ավելացրել է վերահսկողությունը՝ կրկնապատկելով վարորդների խնդիրները։

«Կառավարությունը պետք է սուբսիդավորված փողերն ուղարկի ինովացիոն տեխնոլոգիաների մեջ, խաղողը փորձի ինովացիոն տեխնոլոգիաներով ուղղել դեպի գինի, որովհետև մեկ շիշ գինուց ստանում ես նվազագույնը 1 դոլար եկամուտ, մեկ շիշ կոնյակից՝ 10 ցենտ եկամուտ: Մենք դեռ չենք կարողանում դուրս գալ դրսի շուկաներ», - նկատեց նա:

Նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողի ընդհանուր բերքը 20 տոկոսով աճել է:

«Այդքանն ինչպե՞ս գործարաններն ընդունեն ու մթերեն, ստացած գինին ու կոնյակը որտե՞ղ վաճառեն, եթե արտահանման խնդիրները չեն լուծվել,- հավելեց ոլորտի փորձագետը, - խնդիրը սպառման մեջ է, սպառում չկա: Այդքան ռեսուրս չունեն թորելու, սպիրտ ստանալու, սպիրտը պահելու տեղ չունեն: Նման իրավիճակը Եվրոպայի կամ այլ երկրների համար նորություն չէ՝ սուբիսիդավորում են վառելիք ներկրողներին, որպեսզի իրենք կարողանան ներսից վերցնել սպիրտ, խառնել վառելիքին և ունենալ բենզին: Կառավարությունը եթե բարի կամք և պրոֆեսիոնալիզմ ունենա, ամբողջ խաղողի ավելցուկը կուղարկի բենզին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG