Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան քննարկել են «Թրամփի ուղի» ծրագիրը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը նրանք խոսել են տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ:
Միրզոյանը և Շեկերինսկան քննարկել են նաև Հայաստանի և ռազմական դաշինքի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները՝ ընդծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։
Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ էլ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը: