Մատչելիության հղումներ

«Կեցցե ՍՄԿԿ-ն». Խորհրդային Միության կառուցած շենքն էլ մամուլի համար չէ


«Առավոտ»-ը լքում է Մամուլի շենքը՝ ստիպված, տխուր ու մի քիչ էլ զայրացած:

«Չգիտեմ, իմ տպավորությամբ՝ երևի պետք չի, որ իրենց մասին, իշխանությունների հասցեին հնչի քննադատություն՝ առողջ քննադատություն: Երևի, չգիտեմ, կեցցե ՍՄԿԿ-ն», - «Ազատության» հետ զրույցում ասաց պարբերականի լրագրող Գոհար Հակոբյանը, - «Հիմա մենք լքում ենք այս տարածքը, և Մամուլի շենքը ազատում են մամուլից: Լացելու չի, տհաճ է»:

Լրագրողների համար սովետական իշխանության կառուցած Մամուլի շենքն առանց մամուլի է մնում: «Առավոտ»-ում մի քանի օր է լրագրողական եռուզեռը կանգ է առել, տեղը զիջել կենցաղային հարցերին՝ դատարկվում են պահարանները, գրասեղանները, աշխատասենյակները: Այս ու այն կողմ տոպրակներ են: Այսօր իրերն էր հավաքում նաև 25 տարի օրաթերթում աշխատող Գոհար Հակոբյանը: Տնից կաշխատի, մինչև նոր տարածք գտնեն:

«Արցախի հոգևոր գանձերը»՝ ես դա չեմ կարող թողնել, Արցախի կորստից հետո չեմ կարող Արցախի հոգևոր գանձերի մասին այս գիրք-ալբոմը թողնել անորոշ ճակատագրով: Սա անպայման տանելու եմ՝ Նախիջևան, գենոցիդ», - ասաց լրագրողը:

Ինչո՞ւ է «Առավոտ»-ը հեռանում իր 31 տարվա տարածքից, որի 10-րդ հարկում ծնվել է, հետո՝ տեղափոխվել հինգ հարկ վերև:

«Դե հիմա ասում են, որ Մամուլի շենքում, որը կառուցվել է հենց մամուլի համար, չպետք է լինի մամուլ: Եվ տվել են ժամանակ՝ արագ տարածքը լքելու», - նշեց Գոհար Հակոբյանը:

Ըստ լրատվամիջոցի ղեկավարության՝ նախկին իշխանությունները Մամուլի շենքի տարածքները մի քանի լրատվամիջոցների հանձնել են անհատույց՝ խորհրդանշական վարձակալական վճարով, բայց նախկին լրագրող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը որոշել է փոխել ավանդույթն ու նոր պայմանագիր պարզապես չկնքել: Ինչո՞ւ՝ «Առավոտ»-ին ուղարկած պաշտոնական նամակի մեջ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը չի մանրամասնել:

«Կողքը «Տիգրան Մեծ» հրատարակչությունն է: Ուրեմն, խորհրդային տարիներին, շենքը կառուցվել է խորհրդային տարիներին, բոլոր թերթերը տպագրում էին «Տիգրան Մեծ»-ում: Եվ որպեսզի լրատվամիջոցների համար, թերթերի խմբագրությունների համար հեշտ լիներ, հենց կողքը կառուցեցին այս բարձրահարկ 15-հարկանի շենքը, և բոլոր րատվամիջոցները, գրեթե բոլոր լրատվամիջոցները այս շենքում էին», - ասաց «Առավոտ»-ի լրագրող Աշոտ Հակոբյանը:

Պետական գույքի կառավարման կոմիտեից այսօր «Ազատությանը» պարզաբանեցին՝ սա պետական գույք է և ենթակա է վարձակալության: Եթե նախկինում 15-հարկանի այս շենքը միայն մամուլինն էր, ապա նոր Հայաստանում նոր իրադրություն է՝ Կառավարությունն է այս մայիսին որոշել անցում կատարել անհատույց օգտագործման համակարգից վարձակալական մոդելի։ Եվ քանի որ լրատվամիջոցի հետ պայմանագիրը լրացել է դեռ 2023-ին, ապա, ըստ այս տրամաբանության, նոր պայմանագիր չի կարող կնքել: Փոխարենը նրանք կարող են մասնակցել հայտարարված աճուրդներին ու նույն շենքում վարձել իրենց ուզած տարածքը:

«Առավոտ»-ը դեռ նոր տարածքի փնտրտուքի մեջ է, իսկ Մամուլի շենքում հատուկենտ լրատվամիջոցներ են մնացել, շենքում տարբեր բիզնեսների գրասենյակներ են:

«Ես մեծացել եմ, հասունացել եմ գաղափարապես, ես արժեքներ եմ կրում՝ «Առավոտ»-ի արժեքները, «Առավոտ»-ի կրոնը», - նշեց Գոհար Հակոբյանը:

Այստեղ է սև մազերը ճերմակացրել նաև Աշոտ Հակոբյանը: 31 տարի առաջ օգոստոսի 2-ին գործընկերների հետ առաջին համարն է տպագրել. - «Էս շենքը կառուցեցին մամուլի համար, լրատվամիջոցների համար, և շենքի դիմացն էլ կանգնեցված է Շմավոն Հարությունյանի արձանը՝ «Ազդարար» ամսագրի խմբագրի արձանը, դա խորհրդանշական է, դա սիմվոլ էր: Այսինքն՝ այս Մամուլի շենքը, կարելի է ասել, մեր երկրի սիմվոլներից մեկն է եղել»:

Իշխանությունների թեթև ձեռքով այս խորհրդանիշը զրկվում է իր իմաստից, ցավում է երկարամյա լրագրողը: Դեռ չգիտի՝ որտեղ կշարունակի աշխատանքը, տանը մնալ չի ուզում: Արցախ կորցրած Հայաստանի համար մեր այս կորուստն ընդամենը փոքր անախորժություն է, ասում են «Առավոտցիներն» ու հիշում տխուր ու երջանիկ օրերը հին պատերի ներսում:

«Մենք էստեղ թողնում ենք մեր լավագույն ընկերների հիշողությունը, ովքեր եղել են էստեղ», - նշեց Աշոտ Հակոբյանը:

Մամուլի շենքը կոմերցիոն դարձնելու ցանկություն ունեցող Կառավարությանն առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը հիշեցնում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն դեռ վեց տարի առաջ էր հայտարարել հին շենքը նոր տեսքի բերելու մասին, բայց դեռ ոչինչ չի արել. ըստ խմբագրի՝ մնում է ենթադրել, որ այդ նոր նախաձեռնության իմաստը Մամուլի շենքն առանց մամուլի թողնելն էր: Իսկ վաղն «Առավոտ»-ի 31-ամյակն է: Կառավարության նվերն էլ, ըստ «Առավոտցիների», տարածքը լքելու պահանջն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG