Մատչելիության հղումներ

«Կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց չենք տալիս ուղիղ». Թորոսյանը՝ առողջության ապահովագրության մասին


«Մենք մեր բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացրել ենք 10 հազար 800 դրամով, բայց որը չենք տալիս իրենց ուղիղ», - հայտարարում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: Այդ 10 հազար 800 դրամը կուղղվի առողջության համընդհանուր ապահովագրությանը:

Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը մի թոշակառուի հետ իր զրույցն էր հիշել, որն ասել էր՝ ավելի քան 50 հազար դրամ թոշակ է ստանում, կեսից ավելին ուղղում է տունը տաքացնելուն, բայց միևնույն է չի տաքանում: Վարչապետն ուսումնասիրել է թոշակառուի խնդիրն ու պարզել՝ ճիշտ է մեկ անգամ ներդրում անել և տան ծակուծուկերը փակել ու ջեռուցման համար ավելի քիչ ծախսել:

Այս տրամաբանությամբ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է պնդում՝ առողջապահական ծախսը քաղաքացիների աղքատացման հիմնական պաճառներից մեկն է, այդ պատճառով են որոշել այդ 10 հազար 800 դրամն ուղղել թոշակառուների առողջության պահպանմանը, որ երբ կարիքը լինի, խնդիրը լուծելու գումար էլ լինի:

«Այդ ծախսերը կարող են լինել հարյուր հազարավոր դրամների, որովհետև 100 հազար դրամից էժան բժշկական միջամտություն պարզապես չկա, ընդհուպ մինչև միլիոնավոր դրամները, և ես կարծում եմ, որ սա մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Թորոսյանը:

Տարեվերջին Ազգային ժողովի պատգամավորներն այսպես ասած 13-րդ աշխատավարձ ու հավելավճարներ էին ստացել, յուրաքանչյուրը՝ մոտ 3 միլիոն դրամ: «Ազատություն»-ը նախարար Թորոսյանից հետաքրքրվեց՝ այս լուրը լսող նվազագույնը 36 հազար դրամ թոշակ ստացող տարեցներն արդյո՞ք գոհ կլինեն իրենց թոշակից՝ ներառյալ այդ 10 հազար 800 դրամի բարձրացումը, որն ուղիղ իրենց հաշվին չի էլ նստելու, և անկանխիկ գնումների դեպքում 2 տոկոս հետվճարը: Արդյո՞ք սա չի նպաստում երկրում անարդարության զգացման խորացմանը:

«Համարում ենք, որ բավարար չեն, դրա համար էլ բարձրացնում ենք: Բարձրացնում ենք այնքան, ինչքան թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն իր բոլոր մնացած ծախսերով: Եթե, օրինակ, առողջության ապահովագրությունը ներ չդնեինք և 60 միլիարդ դրամով, օրինակ, չավելացնեինք առողջապահության պետական բյուջեն, որի մեջ մտած են 400 հազարից ավել 65+ տարիքի քաղաքացիներ, կարող էինք էդ գումարները տալ էդ քաղաքացիներին, բայց մենք համարում ենք, որ դա ավելի ճիշտ մոտեցում է», - ասաց Թորոսյանը:

Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ՝ 2023-ի տվյալներով՝ թոշակառուների ընտանիքները տարեցտարի նվազեցնում են սպառված սննդի կալորիականությունը։ «Ազատություն»-ը հանդիպած առաջին իսկ թոշակառուից հետաքրքրվեց՝ վերջին անգամ իր թոշակով ե՞րբ է, օրինակ, ձու, ձուկ, կամ կարագ գնել:

«Տենց բաներ չկա, ես ինձ թույլ չեմ տա տենց առևտուր անեմ, ձուկ, տենց բաներ առնեմ, ինչ որ կարողանում եմ, էլի՝ կրուպեղեն ա, պեսոկ ա». - Անահիտ Խաչատրյանը 69 տարեկան է, նվազագույն թոշակ է ստանում՝ ամսական 36 հազար դրամ: Ձեռքի հետ օրացույցներ է վաճառում, որ կարողանա գոնե հոսանքի համար վճարել:

Արսեն Թորոսյանն ասաց՝ չեն կարող պետական աշխատողների աշխատավարձերը չբարձրացնել, հավելավճարներ չտալ, որովհետև դրանք առանց այդ էլ մրցունակ չեն. - «Որոնք աշխատում են, որպեսզի հավաքվեն հարկերը: Կարող ենք ընդհանրապես չտալ աշխատավարձեր, որովհետև էդ աշխատավարձերը ոչ էլ մրցունակ են եղել, հիմա մենք փորձում ենք մրցունակ դարձնել, և տեսնենք՝ կհավաքվի՞ պետական բյուջեն, և կվճարվե՞ն այդ կենսաթոշակները, թե՞ չեն վճարվի: Ինձ թվում է՝ պատասխանը շատ ակնհայտ է՝ դա կտևի ընդամենը մեկ ամիս: Ուսուցիչների աշխատավարձեր չբարձրացնենք, զինվորականների աշխատավարձեր չբարձրացնենք, ճանապարհներ, դպրոցներ չկառուցենք և ամեն ինչ ուղղենք ընդամենը մեկ ոլորտի: Տենց պետություն չի զարգանում, կան առաջնահերթություններ»:

Կենսաթոշակառուների և նպաստառուների համար նախատեսված հետվճարի ծրագրում փոփոխություն է կատարվել․ նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից վերադարձվող տոկոսը 12-ից կբարձրանա մինչև 20՝ կազմելով մոտ 10 հազար դրամ։ Ծրագիրը վերաբերում է շուրջ 660 հազար քաղաքացու, որոնցից 380 հազարն արդեն օգտվում են դրանից։ Միևնույն ժամանակ, Թորոսյանի տվյալներով, մոտ 48 հազար կենսաթոշակառու դեռ շարունակում է թոշակը կանխիկ ստանալ և ծախսել, ինչի հետևանքով զրկվում է հետվճարից։ Նախարարը հորդորում է օգտվել անկանխիկ վճարումների հնարավորությունից։ Հիշեցնում է՝ գործում է նաև համընդհանուր հետվճարի ծրագիրը՝ 2 տոկոսի չափով, որը կիրառվում է միայն ArCa քարտերով կատարված վճարումների դեպքում։

«Ուղիղ բարձրացումներ եղել են կենսաթոշակների մինչ օրս, բայց մենք կարծում ենք, որ էս նորարարական լուծումները, որոնք, դուք նաև տեսնում եք, որ կիրառվում են արդեն նաև ուրիշ գործիքներով, հա՞, էդ 2 տոկոսի, մենք նաև դրա շնորհիվ ենք ունենում պետական բյուջեի հավաքագրումներ, պետական բյուջեի կատարում», - նշեց Արսեն Թորոսյանը:

69-ամյա Անահիտ Խաչատրյանը որոշել է իր թոշակն այլևս չկանխիկացնել ու գնումներն էլ անկանխիկ անել, որ գոնե մի քիչ շահի արանքում, գուցե, օրինակ, ձուկ էլ գնի, բայց վստահ չէ, որ ամեն ամիս այդ ճոխությունը կարող է իրեն թույլ տալ:

«Հանում էի միշտ, բայց էս ամիս չեմ հանել, քարտի մեջ ա, մանր-մունր գնումներ եմ կատարում քարտով: Ասում են, որ տենց ավելանում ա ինչ-որ տոկոսները», - նշեց տարեց կինը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում իր առաջին ասուլիսում Արսեն Թորոսյանն ընտանիքների գնահատման նոր համակարգը համարեց տարվա կարևոր սոցիալական բարեփոխումներից մեկը։ Համակարգն այժմ փորձարկվում է Սյունիքում և Կոտայքում, իսկ հուլիսի 1-ից կգործի ամբողջ երկրում։ Այն հիմնված է իրական կարիքի գնահատման վրա, ասում է նա․ փորձնական առաջին փուլում կարիքավոր ընտանիքները միջինը 78 հազար դրամ նպաստ կստանան, առավելագույնը՝ 200 հազար։ Նպատակը սոցիալական կախվածության նվազեցումն է և ընտանիքների ներգրավումը զբաղվածության ծրագրերում։

Հաջորդ ձեռքբերումն էլ, ըստ Թորոսյանի, այն է, որ ժողովրդագրական աջակցության շրջանակում հունվարի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի համար կտրամադրվի ամսական 50 հազար դրամ՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը, անկանխիկ վճարումների դեպքում՝ մինչև 60 հազար դրամ:

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև 2026-ին․ կգործի երկարատև վարձակալության հատկացվող վճարների նոր մեխանիզմ: Թորոսյանի խոսքով՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար տեղահանված արցախցիներին 16 մլն դրամ աջակցություն է տրամադրվել. 2 հազար 316 ընտանիք շահառու է դարձել, 2 հազար 270-ը՝ վարկավորվել, 212-ն էլ արդեն ավարտական ակտ ունեն: Կառավարությունում քննարկվում է ծրագիրը վերաբացելու հարցը:

Արցախցի գործիչներն, ի դեպ, այս ծրագիրը տապալված են համարում՝ մատնացույց անելով շահառուների փոքր թիվը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG