Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ստորագրել են համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։
«Մենք քննարկել ենք սահմանային կառավարման հարցում օգնություն տրամադրելը, ինչպես նաև նախկին հակամարտությունների և անվտանգության հետ կապված ականազերծման գործողությունների, ականազերծման հետ կապված վարժանքների, ինչպես նաև ականազերծման հետ կապված սարքավորումների տրամադրման հարցերը, և մենք քննարկել ենք նաև գործիքներ, որոնք վերաբերում են ընթացիկ և ինտեսիվացող ապատեղեկատվական արշավներին հակազդելուն: Սա նաև այն գործիքակազմն է, որ մենք ունեցել ենք Մոլդովայում, որով Հայաստանը ևս հետաքրքրված է», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:
Երևանն ու Բրյուսելը դեռ 2024-ի տարեսկզբին էին հայտարարել, որ աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Արդեն այս տարի հունիսին Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարը հայնտեց, որ կողմերն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։
Արարատ Միրզոյանը գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթը «հավակնոտ» էր որակել ու պնդել՝ այն ավելի է խորացնելու ՀՀ-ԵՄ երկկողմ գործակցությունը։
Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի ավարտից հետո Կալլասը նաև նշեց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները, որոնք մեկնարկեցին օգոստոսին, շատ կարևոր են: Դրանցով ավարտվեց տարիներ շարունակ տեղի ունեցող կոնֆլիկտը: Դուք ունեք ԵՄ-ի աջակցությունն այս հարցում: Այսօր ես հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին: Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու», - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ շարունակելով. «Իհարկե, Հայաստանը նաև այլ մարտահրավերներ ունի. Ռուսաստանը և իր պրոքսիներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում: Այսինքն՝ սցենարը նույնն է: ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագաքնել արտասահմանյան ազդեցություններին», - ընդգծեց Կալլասը: