Խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ Ռուսաստանն ակտիվացնում է քարոզչությունը Հայաստանում. սա փաստում են ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև «Ազատության» հետաքննությունը։ Ռուսական քարոզչության գլխավոր հարթակներից մեկում՝ Տելեգրամում, «Ազատությունը» նույնականացրել է 20-ից ավելի ալիքներ, որոնց բաժանորդների թիվը 1800-ից մինչև ավելի քան 36 հազարի է հասնում: Հայկական ներկայացվող այս ալիքների զգալի մասը Ռուսաստանում է բացվել տարբեր ժամանակահատվածներում։
Այդ ալիքներից մի քանիսն, օրինակ, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո են սկսել գործել։ Դրանցում պարբերաբար դրական անդրադարձեր են հայտնվում Ռուսաստանի վերաբերյալ, մյուս կողմից՝ Եվրամիությունը ներկայացվում է իբրև կործանարար ուժ Հայաստանի համար։ Ընդ որում՝ նույնականացված ռուսալեզու ալիքները հաճախ միմյանց են մեջբերում, տարածում ռուսամետ գործիչների հայտարարությունները, ռուսական պետական լրատվամիջոցների խոսույթը: Հայաստանի ներքաղաքական թեման ամենաքննարկվողներից է:
Մեջբերումներ այդ Տելեգրամ ալիքներից
«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հասկանա, որ ընտրությունների ժամանակ ձայների գողությունը կամ իշխանությունների ցանկացած փորձ՝ այն, ինչ արվել է Մոլդովայում, կհանգեցնի հեղափոխության»։
«2026 թվականի ընտրությունները կորոշեն՝ կլինի Հայաստանը, թե ոչ»:
«Բայց այստեղ կարևորն այդ չէ, կարևորն այն է, որ հաջորդ ընտրություններից հետո ընդամենը 30 րոպե անց, երբ քվեարկության արդյունքները դեռ պարզ չեն, չհայտնվի ինչ-որ մեկի հարցազրույցը BBC-ին, որտեղ դարձյալ, ինչպես 2021 թվականին, ասվի, թե Նիկոլ Փաշինյանը ամենալեգիտիմ վարչապետն է՝ ծիր կաթինի մասշտաբով»:
«Հայաստանում խորհրդարանական ընտրությունները մոտենում են, և ամեն օր դրանց շուրջ լարվածությունն աճում է։ Այսօր հենց Հայաստանը վերածվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև գլխավոր աշխարհաքաղաքական հակամարտության կենտրոնի»։
«Եթե 2026 թվականին, գիտակցելով այս ամենը, դուք կրկին գնաք ու քվեարկեք այս ռեժիմի օգտին, ապա իմացեք՝ դուք ընտրում եք թուրքերին։ Այլ տարբերակ այստեղ չկա»:
«Եվրասիան»՝ ռուսական քարոզչության հետևո՞ւմ
Այս ալիքներում անգամ արհեստական բանականության ստեղծած տեսանյութեր են հայտնվում։ AI-ով գեներացված և միայն մեկ ալիքում (Армянская вендетта) 18 հազարից ավելի դիտում հավաքած տեսանյութերից մեկում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը վերածված է ադրբեջանական զինվորական պանթեոնի՝ Շեհիդների պուրակի, «Վերածնվող Հայաստան» հուշասյան գագաթին մահիկ է՝ աստղով։ Հեղինակները տեսանյութի նկարագրության մեջ նշում են, որ այն արհեստական բանականությունն է ստեղծել, միաժամանակ ընդգծում, թե դա ուրվագծում է՝ «ինչ կպատահի երկրին, մեզ բոլորիս, եթե շարունակվի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և միաժամանակ Հայաստանը վիլայեթ դարձնելու այս հիմար և վտանգավոր քաղաքականությունը», ասված է AI-ով գեներացված տեսանյութում:
Ռուսական քարոզչություն տարածող այս ալիքները նաև ակտիվորեն լուսաբանում են «Եվրասիա» և «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպությունների համատեղ բարեգործական ակցիաները Հայաստանում։ Ի դեպ, Հայաստանից «Եվրասիա»-ի խորհրդի անդամ է «Ազատագրում» շարժման առաջնորդ, ընդդիմադիր բլոգեր Միկա Բադալյանը, որն ակտիվորեն զբաղվում է ռուսական քարոզչության տարածմամբ։
Դեռ շաբաթներ առաջ BBC-ի հետաքննությունը բացահայտեց, որ «Եվրասիա»-ն, որը ներկայանում է որպես բարեգործական կազմակերպություն, ներգրավված է եղել Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող կեղծ լրատվական ցանցում, որը նախատեսված էր Եվրոպայում ընտրություններին միջամտելու համար: Ցանցի կազմակերպիչներից մեկը՝ Ալինա Ջուկը, կազմակերպության կայքում ներկայացվում է որպես «Եվրասիայի» առաջնորդներից։
Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից առաջ ցանցը Տելեգրամի և առցանց սեմինարների միջոցով գումարի դիմաց հավաքագրում էր Մոլդովայի քաղաքացիներին՝ հրահանգելով նրանց Ֆեյսբուքում, ՏիկՏոկում հրապարակել ռուսամետ քարոզչություն և կեղծ լուրեր, որոնք ուղղված կլինեն երկրի եվրոպամետ իշխող կուսակցության դեմ: «Եվրասիան» Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների ու Եվրամիության պատժամիջոցների տակ է՝ Մոլդովայում քաղաքացիներին կաշառելու, հակաարևմտյան քարոզչության մեղադրանքով։
Թիրախավորող տեղեկատվական արշավներ. ՌԴ-ն ակտիվանում է
Փաստեր ստուգող հայաստանյան լրագրողներն էլ են արձանագրում՝ արդեն տեսանելի է՝ Ռուսաստանն ակտիվանում է համացանցի հայկական հատվածում՝ թիրախավորող տեղեկատվական արշավներ, ապատեղեկատվական գրոհներ կազմակերպելով։
«Ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, բայց մենք ինքներս էլ արդեն նկատում ենք որոշակի արտաքին տեղեկատվական գործողություններ, այսպես ասած, հիբրիդային գործողություններ, որոնք նպատակ ունեն ազդելու Հայաստանի հանրության ընկալումների վրա», - ասում է «Սիվիլնեթի» փաստերի ստուգման բաժնի ղեկավար Անի Գրիգորյանը:
Փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանը հավելում է. «Տեղեկատվական դաշտում ապատեղեկատվության, կեղծ ինֆորմացիայի, նաև սուտ տեղեկությունների տարածման մեծ հոսք ենք նկատում»:
Հեղինակավոր լրատվամիջոցների նմանությամբ՝ ժամանակավոր կայքեր. ինչ է Doppelgänger-ի մեթոդը
Փաստեր ստուգող լրագրողները վերջին ամիսներին բացահայտել են Doppelgänger անունով հայտնի մեթոդով իրականացված մի քանի արշավներ։ Դրանց հեղինակները կայքեր են ստեղծում հիմնականում Արևմուտքում հայտնի լրատվամիջոցների նմանությամբ ու դրանցով տարածում կեղծ տեղեկատվություն։
«Օրինակ՝ հայտնի կայքը կարող է լինել BBC-ն, France24-ը, Le Monde-ը, New York Times-ը կարող են այդպիսի հեղինակավոր կայքերին նմանակել և ստեղծել ժամանակավոր կայքեր և այդ կայքերի միջոցով տարածել իրենց ցանկալի, սուտ տեղեկությունները», - նշում է Հասմիկ Համբարձումյանը։
«Իրականում լինում են դեպքեր, որ այդ կայքերը ստեղծվում են հենց այդ մեկ հոդվածի համար: Թեև այնտեղ լինում են այլ հոդվածներ, բայց դրանք վերցված են լինում այլ կայքերից, ամբողջ նպատակն այն է, որ սա թվա որպես իրական լրատվամիջոց», - նկատում է Անի Գրիգորյանը:
Փաստեր ստուգող լրագրողները այստեղ էլ են ռուսական հետք տեսնում։
Ֆրանսիայի իշխանություններն այս՝ Doppelgänger-ի մեթոդով իրականացված արշավի մասին դեռ 2023-ին էին հայտնել։ Հետաքննությունը պարզել էր, որ արշավի ընթացքում ոչ միայն ֆրանսիական, այլև՝ գերմանական հայտնի լրատվամիջոցների նմանությամբ են կեղծ կայքեր ստեղծվել։
«Ֆրանսիայի նախարարը աջակցում է ռուս զինվորների սպանություններին Ուկրաինայում», - ասվում էր Le Monde-ին նմանեցված կայքում։
Ֆրանսիական հեղինակավոր France 24-ի նմանությամբ Courrier France 24 դոմենով էջում էլ ամիսներ առաջ Հայաստանին վերագրվող կեղծ հոդված էր հայտնվել, որը պնդում էր. «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում»։
Ավելի ուշ Հայաստանի իշխանությունը՝ վարչապետի մակարդակով, հերքեց այս տեղեկությունը։
«Հետքերը տանում են դեպի ռուսական ուղղություն»
«4, գուցե 5 դեպք եղավ վերջին մի քանի ամսում, թվային հետաքննությունները ցույց տվեցին, որ դժվար է հետքերը գտնել, բայց ընդհանուր համաձայնություն կա, որ հետքերը շատ դեպքերում տանում են դեպի ռուսական ուղղություն», - ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:
«Սիվիլնեթի» փաստերի ստուգման բաժնի ղեկավարն էլ շեշտում է. «Մենք նկատում ենք, որ դրանք տարածվում են ռուսալեզու տելեգրամյան ալիքների միջոցով, բացի այդ, ամեն դեպքում Ռուսաստանն ունի որոշակի ազդեցություն հայկական մեդիայի որոշ հատվածի վրա: Դրանք հայտնվում են կա՛մ այդ լրատվամիջոցներում, կա՛մ էլ շատ դեպքերում այլ լրատվամիջոցներ, չկարողանալով ստուգել՝ արդյոք տվյալ լուրը ճի՞շտ է, տարածում են»:
Հետխորհրդային երկրներում գործարկվում են գրեթե նույնանման մեխանիզմներ. փորձագետ
Թվային ապատեղեկատվության փորձագետ, Միացյալ Թագավորության Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Մարտին Ինեսը, որ նաև հետևում է հետխորհրդային երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում ռուսական ապատեղեկատվության տարածմանը, ասում է՝ բոլոր դեպքերում գործարկվում են գրեթե նույնանման մեխանիզմներ։
«Եթե նայենք 2024 և 2025 թվականներին տեղի ունեցածին, կտեսնենք, որ հիմա նրանք արշավը սկսում են ավելի վաղ, օգտագործում են ավելի շատ օգտահաշիվներ: Կարծում եմ, որ այս բացահայտումը կարևոր է, որ մարդիկ գոնե տեղյակ լինեն, որ ուրիշները գալիս են և փորձում են մանիպուլյացիաներ անել տեղեկատվական տարածքում:
Ընդհանուր առմամբ, մարտավարությունն ու սցենարները բավականին նման են տարբեր երկրներում, բայց դրանք համապատասխանեցվում են տեղական իրողություններին», - ասում է նա:
Բրիտանացի փորձագետի խոսքով՝ մինչև նման արշավների իրականացումը կազմակերպիչները մանրամասն ուսումնասիրում են հասարակական կարծիքի հարցումները, սոցիալական ցանցերում ազդեցիկ անձանց, քաղաքական բանավեճերն ու լրատվական լուսաբանումները: Ըստ Մարտին Ինեսի՝ սա անհրաժեշտ է հնարավորինս թիրախավորված ու արդյունավետ քարոզչության համար. «Նրանք փորձում են բացահայտել խնդիրներ, թեմաներ, որոնք կարող են շահագործվել Հայաստանում, Մոլդովայում կամ Վրաստանում, այնպիսի, որոնց շուրջ նրանք կարծում են, որ կարող են ստեղծել բաժանման և բևեռացման զգացողություն: Երբ նրանք բացահայտում են, թե որոնք են այդ հարցերը, սկսում են մշակել նարատիվները՝ տեսանյութերն ու հաղորդագրությունների արշավները»։
Հայաստանում ևս տեղեկատվական գրոհները չեն բացառվում՝ Մոլդովայի օրինակով
Ոլորտի փորձագետների մի մասը չի բացառում՝ որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, ապատեկատվության արշավներն էլ ավելի են ագրեսիվանալու ու ընդարձակվելու:
«Մոլդովայի փորձը նկատի ունենալով՝ չի բացառվում նաև այստեղ՝ Հայաստանում, նման տեղեկատվական գրոհներ: Մենք, իհարկե, չունենք վերլուծություն, թե Հայաստանի սոցիալական ցանցերում ինչ հաշիվներ են փակվել, ինչ է արվել, բայց հիմա իրականացվող կեղծ տեղեկությունների, կեղծ հոդվածների հրապարակումները, տարածումը, կարծում ենք, հենց այդ նպատակն ունի», - նշում է Հասմիկ Համբարձումյանը:
«Մոլդովայի ընտրություններից առաջ մի շարք հետաքննություններ են իրականացվել, բացահայտումներ են արվել, թե ինչպես են օրինակ՝ ռուսական տարբեր ուժեր հենց Մոլդովայի ներսում մարդկանց գումարով որոշակի քարոզչական գործողությունների մեջ ներառել, սկսած՝ սոցիալական ցանցերում, վերջացրած տարբեր բողոքի ցույցերով և այլն»,- շեշտում է Անի Գրիգորյանը:
Գեղամ Վարդանյանն էլ հավելում է. «Սպասում ենք, որ Հայաստանում ոչ միայն Տելեգրամը կօգտագործվի, այլ նաև ՏիկՏոկը կօգտագործվի՝ հասարակության նկատմամբ ապատեղեկատվական գրոհներ կազմակերպելու համար, ըստ էության, իհարկե նաև գումարած արհեստական բանականությունը»։
Արհեստական բանականությամբ գեներացված՝ Հայաստանին վերաբերող ապատեղեկական մի արշավի մասին օրերս հայտնեց Блокировщик ботов նախագիծը։ Տեսանյութերը տարածվել էին ռուսական «Մատրյոշկա» ցանցի միջոցով։
Ապատեղեկատվական արշավը բացահայտած նախագծի տվյալներով՝ դրանցում օգտագործվել են իրական մարդկանց մասնակցությամբ խմբագրված կադրեր և հավանաբար հենց արհեստական բանականության միջոցով ստեղծված ձայներ։
Մասնագետները միայն վերջին ամիսներին Հայաստանին վերաբերող 60 նման տեսանյութ են նույնականացրել։ Տեսանյութերի վերջին խումբը անցած շաբաթ էր հրապարակվել, դրանցից մի քանիսում կարմիր թելի պես անցնում են Հայաստանում 2026 թվականի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունները:
Հետխորհրդային երկու երկրներից՝ Հայաստանից, Մոլդովայից բացի, ընտրություններին ռուսական միջամտության մասին մեղադրանքներ են հնչել նաև Վրաստանից, Ռումինիայից, Լեհաստանից ու Գերմանիայից։ Կրեմլը, մինչդեռ, կտրուկ հերքում է այդ մեղադրանքները։