Մատչելիության հղումներ

Կաթողիկոսի որոշմամբ պաշտոնից ազատվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդը

Կաթողիկոսի որոշմամբ պաշտոնից ազատվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ըստ Մայր Աթոռի, սրբազանի գրավոր և բանավոր դիմումների հիման վրա:

Աբրահամ արքեպիսկոպոսը միացել էր վարչապետի հռչակած եկեղեցու բարենորոգման ծրագրին, Նիկոլ Փաշինյանի կեցավայրում ստորագրել հայտարարությունը: Նա առաջիններից էր, ում ներկայությամբ իր թեմում պատարագի ընթացքում զեղչեցին Կաթողիկոսի անունը: Դա վարչապետի պայմանն է՝ պատարագին մասնակցելուց առաջ. «Այն եզակի պատարագներից էր, որ ես ընդամենը ամբողջ պատարագին աղոթում եմ մեր երկրի և մեր ժողովրդի համար»:

Ուշ երեկոյան Աբրահամ սրբազանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կանխելու համար «բոլոր անհարկի, սխալ մեկնաբանությունները, շահարկումները, խեղաթյուրումները»:

«Վերջին տարիներին, Հայ Եկեղեցու հետ կապված 2025 թվականի դեպքերից շատ ավելի առաջ, ես մի քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողովների ժամանակ, դիմել և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել: Ինձ հանգստյան կոչելու տնօրինումը Մայր Աթոռից ստացա մարտի 16-ին: Քանի որ սա իմ գրավոր ու բանավոր դիմումների հիման վրա կայացված որոշում է, ուստի չընդունելու որևէ պատճառ չունեմ», - ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, արքեպիսկոպոսի կարծիքով, «բոլորի համար պարզ է, որ Հայ Եկեղեցին կառուցվածքային, կառավարման և կանոնադրական բարեփոխումների կարիք ունի, որպեսզի այլևս այսպիսի ցնցումների ու ճգնաժամի մեջ չհայտնվի», ուստի նա պատրաստ է «հետայսու ևս առավելագույնս օգտակար լինել Հայաստանի վարչապետի նախաձեռնած Հայ Եկեղեցու բարենորոգմանը, հատկապես Եկեղեցու նոր կանոնադրությունը պատրաստելուն»:

Կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած արքեպիսկոպոս Մկրտչյանին, սակայն, Մայր Աթոռը պաշտոնանկ չէր արել Վայոց Ձորի թեմից, ի տարբերություն, օրինակ, Մասյացոտնի թեմի ղեկավարի, որին եկեղեցին ոչ միայն հեռացրեց, այլև կարգալույծ հռչակեց: Բայց նա դիմադրում է, դատարանի որոշմամբ չի ազատում թեմում աշխատասենյակը, Կաթողիկոսն ու հոգևոր խորհրդի անդամներն էլ մեղադրյալի կարգավիճակ են ստացել դատարանի որոշումը չկատարելու համար:

Վերջին շրջանում վարչապետը չի թեժացնում Կաթողիկոսին հեռացնելու օրակարգը, գործողությունների մասին չի խոսում: Բայց չի էլ նահանջել, օրերս մարզային այցի ընթացքում քաղաքացիներից մեկի հարցը Գարեգին երկրորդի մասին զայրացրեց Նիկոլ Փաշինյանին. «Հայաստանի Հանրապետություն կաթողիկոս կլինի, ով կլինի, չի կարա Հայաստանի Հանրապետության դեմ գործի: կաթողիկոս չկա, Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ»:

Մայր Աթոռն իր հերթին հերթական անգամ, ըստ էության, հայտարարեց, որ Կաթողիկոսը չի հեռանալու: Գերագույն հոգևոր խորհրդի ընդունած հայտարարությունում կրկին շեշտվում է իշխանությունների կամայական, խտրական գործողությունների, եկեղեցականների նկատմամբ հալածանքների, շինծու մեղադրանքներով ազատազրկումների մասին:

XS
SM
MD
LG