Մատչելիության հղումներ

Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործը դատախազը հանձնել է դատարան


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին սպառնում է 3-ից մինչև 6 տարվա ազատազրկում:

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ այսօր դատարան է հանձնել Ոսկեհատ բնակավայրում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու մեջ մեղադրվող՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձումի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, հաղորդում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Քննչական կոմիտեի պնդմամբ՝ հայր և որդի Ներսիսյանները նոյեմբերի 1-ին խոչընդոտել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական քարոզչությունը Ոսկեհատում, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով պահանջել են հեռանալ:

Դատախազը նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Ներսիսյանների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը», որով սահմանված պատիժը 3-ից մինչև 6 տարի ժամկետով ազատազրկումն է:

Գևորգ և Համբարձում Ներսիսյանները կալանավորված են:

Ներսիսյանների փաստաբանը հարուցված քրեական գործը որակում է անհիմն ու շինծու: «Այո, սա ուղիղ ճնշում է Կաթողիկոսի վրա, ակնհայտ երևում է, որ սա կապ ունի հենց Կաթողիկոսի հետ, այսինքն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ճնշումների մասին է խոսքը։ Եվ սա հակաեկեղեցական հերթական քայլն է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր Արա Զոհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG