Մատչելիության հղումներ

Քասախցիները շարունակում են բողոքել տրանսպորտային բարեփոխումներից


Երևանին կպած բնակավայրում՝ Քասախում արդեն տևական ժամանակ է մարդիկ դժգոհում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից, որոնց հետևանքով, իրենց ձևակերպմամբ՝ «ունքը սարքելու տեղը աչքը հանեցին»:

«Ժողովուրդը օգտվել է էդ տրանսպորտից, էսօր ինչի՞ համար ա, պատճառն ի՞նչ ա, որ մեր ազգաբնակչությանը զրկում են մեծ տրանսպորտից՝ քաղաքի հետ կապված տրանսպորտից», - հարցնում են Քասախի բնակիչները:

Գյուղը երջանիկ էր, երբ մայրաքաղաքային 59 համարի տրանսպորտն էր սպասարկում քասախցիներին, վերջերս, սակայն խնդիրներ առաջացան, երբ Երևանի հետ կապը սկսեցին ապահովել միայն երեք տարի առաջ մարզային օպերատորի մրցույթում հաղթած՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտիտրանսպորտ» ընկերության միկրոավտոբուսները։ Ասում էին՝ ձեռնտու չէ, նախ՝ նոր ավտոբուսները մինչև Ֆիզիկայի ինստիտոտի խաչմերուկն են հասցնում, մարդիկ ստիպված են մի քանի տրանսպորտ փոխել, կրկնակի վճարել՝ նույն տեղը հասնելու համար։

Գյուղի զրուցարանում հավաքված տղամարդիկ վրդովված էին՝ ինչպե՞ս ստացվեց, որ այդ բարեփոխումների հետևանքով իրենց կյանքն ավելի բարդացավ.

«Գլխավոր փողոցից մինչև ստեղ մի կիլոմետրից ավել ա: Մենք էդքան տեղը, մեր ժողովուրդը՝ վեշով, մեծ մարդիկ, ո՞նց են բարձրանալու ստեղ ... »:

«Ամեն շաբաթ ես պիտի գնամ պոլիկլինիկա ստուգվեմ: Հիմա որ տրանսպորտը, ես ինվալիդ մարդ, մինչև տրաս ո՞նց գնամ-գամ ... »:

«Հմի մի հատ նայի էն դիքը, մի հատ էլ նայի էն կողմ՝ ծերը չի էրևում: Մարդուն ստիպում, ստրուկի տեղ են պահում: Հինգ կիլոմետր ստեղից շոշ, ինչ ա իրա տրանսպորտը աշխատի, մարդուն չեն թողում ազատ շնչելու ... »:

«Էս պայքարը վաղը չլուծվեց, մյուս օրը չլուծվեց, հաստատ ամբողջ գյուղը իջնելու ա, իջնելու ա, մինչև անգամ գնալու ենք ուր որ պետք ա, մենք արդեն գիտենք ուր ենք գնալու ... »:

Կառավարության բացատրում է, որ օրենքն արգելում է երևանյան ավտոբուսներին մտնել մարզեր: Բողոքի ակցիաները, փողոց փակելը, պաշտոնյաների հետ մի քանի քննարկումները անպտուղ էին, ասում էին գյուղի տղամարդիկ, ընդգծելով՝ իրենց պայքարը քաղաքական չէ, «Մուլտիտրանսպորտ»-ի ավտոբուսների դեմ ոչինչ չունեն, բայց դեմ են մենաշնորհին։

«Աշխատում են՝ համատեղ աշխատեն, չէ, չի թողում, բեսպրիդել պահում ա, ու իրա ասածը անցնում ա, մեր ասածը չի անցնում ... »:

«15 հեկտարի վրա համայնք ա, էդքան ժողովրդին ո՞նց պիտի բավարարեն ... »:

«Հասնում ա Ծառուկյանի մոտ, իրանց գիծն ա, նորից հանգստանում, հետ են գալիս, չեն թողում: Էդ մարդը եթե համաձայնվի էրկուսը աշխատեն, շատ սիրով Պռոշյանն էլ, Քասախն է, մյուսն էլ, դաժե Զովունին բան կանեն ... չի թողում, ուժի զոռով, ձեռը ֆինանս ունի, ամեն տեղ էլ ինքն ա զավթել ... »:

«Ազատության» տեսախցիկը նկատեց՝ Ծառուկյանի ընտանիքին պատկանող թիվ 276 միկրոավտոբուսները 20 րոպեն մեկ կանոնավոր գնում-գալիս էին, բայց՝ կիսադատարկ։ Միկրոավտոբուսի վարորդները տեսախցիկի առջև խոսել չցանկացան, խոստովանեցին՝ թեկուզ դատարկ, բայց Երևան-Քասախ-Երևան երթուղին առավոտյան ժամը 7-ից մինչև 9.30 150 դրամով սպասարկում են։

Հարևան Պռոշյանում էլ նույն խնդիրն էր, այստեղ, սակայն գյուղացիների՝ 25 համարի ավտոբուսի պայքարն արդյունք տվեց։ «Մուլտիտրանսպորտ»-ի 277 համարի միկրոավտոբուսը հին ավտոբուսին գծից չգցեց։ Պռոշյանցի Սերգո Մուրադյանն ու Մարիամ Պետրոսյանն այսօր, սակայն, այլ խնդրով էին եկել Կառավարության դիմաց ակցիայի.

«277 համարը կարծես թե անհանգստացնում է ժողովրդին, որովհետև արդեն մի քանիսը դիմել են, և 277 համարի երթուղու վարորդներից ոմանք ասում են՝ «չմտածեք, որ սա վերջնական որոշում է, միևնույն է՝ այդ երթուղում մնալու է միայն 277 համարը, 25 համարը ուշ թե շուտ դուրս է գալու երթուղուց», ուղևորներին են ասել ... »:

«Մեզ չխոչընդոտեն, թող իրենք էլ աշխատեն, 25 համարն էլ աշխատի ... »:

«Բայց եթե հանկարծ 25 համարի երթուղին չգործեց, էդքան մարդիկ որ լցվեցին փողոց, թող վախենան, էլի ... »:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր թռուցիկ անդրադարձավ պռոշյանցիների ու քասախցիների խնդրին, պնդեց՝ սպառնալիքների մասին տեղեկություն չունի: «Մուլտիտրանսպորտ»-ից էլ չեն արձագանքել:

Օրվա ավարտին Քասախ համայքի բնակիչներից Արթուր Մարդանյանն «Ազատությանը» հայտնեց, որ մարզպետի հետ հանդիպել են, կառուցողական զրույց էր, սակայն մարզպետը ժամանակ է խնդրել՝ լուծում գտնելու համար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG