Հայաստանի կառավարությունը հնարավոր է վաճառի «Վիվա Արմենիա» ընկերությունում իր ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։ «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ» կիպրական ընկերությունը Կառավարությանն առաջարկել է կնքել օպցիոն պայմանագիր, որին գործադիրը մտադիր է համաձայնություն տալ։ Համապատասխան որոշումը կկայացվի գործադիրի օգոստոսի 7-ի նիստում։
Օպցիոն պայմանագիրը վաճառողի՝ տվյալ դեպքում Կառավարության, և գնորդի՝ այս դեպքում «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ի միջև կնքվող մի փաստաթուղթ է, որով մի կողմը խոստանում է իրեն պատկանող բաժնետոմսը վաճառել մյուս կողմին («Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ին)։ Միևնույն ժամանակ, նախնական պայմանավորվածության մասին այս փաստաթուղթը պարտադիր չէ, որ կատարվի, գուցեև չկատարվի, եթե մի կողմը պարզապես որոշի չվաճառել իր բաժնետոմսերը։ Այնուհանդերձ, պայմանագրի որոշ կետեր, ինչպես նաև որոշման հիմնավորումները հիմք են տալիս ենթադրելու, որ Կառավարությունը կվաճառի հեռահաղորդակցության օպերատորի՝ իրեն պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը։
Կառավարությունը կապի օպերատորի բաժնետոմսերը նվեր ստացավ մեկուկես տարի առաջ. ռուսական «ՄՏՍ»-ը իր հայկական ակտիվը՝ «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառեց Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ» ընկերությանը, որն էլ, իր հերթին, ընկերության 20 տոկոսը փոխանցեց պետությանը՝ հարցեր առաջացնելով՝ ին՞չն է մասնավորին ստիպել իր սեփականության մի մասն ուղղակի նվիրել Կառավարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվիրատվությունն ընդունելուց հետո ասել էր. - «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը, որը, եթե չեմ սխալվում, բաժանորդների ամենամեծ թիվն ունի Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունն է, նաև երրորդ ընկերությունը, որտեղ Հայաստանի Հանրապետություն ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, 20 տոկոս բաժնեմաս է ստանում»։
Ըստ Կառավարության հիմնավորման՝ նվիրատվությունից մեկուկես տարի անց «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ը իր բաժնեմասը ետ գնելու առաջարկ է ներկայացրել, Կառավարությունն էլ, «հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը» հաշվի առնելով, համաձայնություն է տվել օպցիոն համաձայնագրին։ Օպցիոն համաձայնագրին կարող է հաջորդել բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիր երեք պահանջների բավարարման դեպքում. առաջին՝ երբ բաժնետոմսերը գրանցված են կառավարության անվամբ, երկրորդ՝ երբ առկա են բոլոր մարմինների անհրաժեշտ թույլտվությունները վաճառքի համար, և երրորդ՝ երբ առկա է Կառավարության որոշում վերջնական առքուվաճառքի պայմանագիր կնքելու մասին։ Օպցիոն պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, այսինքն՝ գործընթացը կարող է ավարտվել առաջիկա երեք տարիների ընթացքում։
Ըստ պայմանագրի՝ Կառավարությունն ընկերությունում իր 20 տոկոսը վաճառելու դեպքում ստանալու է 50 միլիոն դոլար։
Հայաստանի իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում որպես «Վիվա Արմենիա»-ի իրական շահառուներ ներկայացված են չինացի գործարար Չժե Ժանգը և ռուս Կոնստանտին Սոկոլովը։ «Հետք»-ը մանրամասներ էր հրապարակել Ժանգի ու Սոկոլովի նախկին գործունեության վերաբերյալ, պարզել, որ նրանց փոխկապակցված ընկերությունները կապ ունեին նաև «Հայբիզնեսբանկ»-ի (ներկայում՝ «Ամիօ» բանկ) նոր սեփականատերերի հետ։ Կոնստանտին Սոկոլովը, ըստ «Հետք»-ի, ժամանակին Կիպրոսում հայտնվել էր խարդախության մի պատմության կիզակետում, երբ մեկ այլ՝ կանադացի ներդրող բարձրաձայնել էր, որ Սոկոլովն ու նրա գործընկերը իրեն առաջարկել էին 2.5 մլն դոլար ներդնել Ռուսաստանում պոմպերի ու կոմպրեսորների արտադրության մեջ։ Կանադացի ներդրողը հետագայում ընկերությանը մեղադրել էր տնօրենների խորհրդի կողմից վատ վարչարարության և ոչ բարեխիղճ կառավարման, և ընկերության գործունեությունը խաբեությամբ իրականացնելու մեջ։
Ֆիննախն ու Արդարադատության նախարարությունը գործարքի հետ կապված հարցեր ունեն
Մինչ Կառավարության նիստ հասնելը, վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված օպցիոն պայմանագրի հարցը շրջանառվել է նախարարարություններով, որտեղ որոշման վերաբերյալ մտահոգություններ են հնչել. թե՛ Ֆինանսների նախարարությունը, թե՛ Արդարադատության նախարարությունը լրացուցիչ հիմնավորումներ են ցանկացել ստանալ, թե ինչո՞ւ է նման որոշում բերվում:
«Հիմնավորումից հնարավոր չէ գնահատել ներկայացված Նախագծի արդյունավետությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության, կարգավորման նպատակի, բնույթը և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները», - նշված է Արդարադատության նախարարության դիրքորոշման մեջ։
Ֆինանսների նախարարությունն անհրաժեշտություն է տեսել, որ «ներկայացվի հարցի նախապատմությունը»։ Ֆիննախը նաև դիտարկում է արել, որ «Վիվա Արմենիա» ընկերության բաժնետոմսերի անկախ գնահատում չի իրականացվել, և 50 միլիոն դոլարի արժեքը լրացուցիչ հիմնավորվածության կարիք ունի։ «Փաստացի, պետական բաժնեմասի վաճառքը պետք է տեղի ունենա ոչ թե նախապես որոշված արժեքով, այլ իրական արժեքով՝ գործարքի իրականացման պահին», - նշել են Ֆիննախից։ Ըստ գերատեսչության՝ եթե բաժնետոմսերը նվիրատվությամբ ստանալիս ՀՀ կառավարությունը դրանք կայուն գնով վաճառելու համաձայնություն չի տվել, ապա ներկայացված օպցիոն համաձայնագրով առաջարկվող կարգավորումները կարող են հակասել գործող օրենսդրությանը:
«Վիվա-Արմենիա»-ն բաժանորդային բազայով Հայաստանում ամենամեծ կապի օպերատորն է, ավելին՝ ընկերությունը սկսել է նաև մեկ այլ ռուսական ընկերություն՝ «Ռոստելեկոմ»-ը (ներկայում՝ Ovio) գնելու գործընթաց: Վերջերս ընկերության 20-ամյակի միջոցառմանն անձամբ մասնակցել էր Նիկոլ Փաշինյանը։
Մկրտիչ Կարապետյան