Մատչելիության հղումներ

«Վիվա Արմենիա»-ն ձեռք է բերում հայաստանյան «Ռոստելեկոմ»-ը


Հայաստանում կապի խոշոր օպերատոր «Վիվա Արմենիա» ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել երկրում ռուսական «Ռոստելեկոմ» (այն այժմ վերանվանվել է «Օվիո») ապրանքանիշը ներկայացնող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 2-ի նիստում ներառված է գործարքին համաձայնություն տալու որոշման նախագիծը։

Գործարքին իրենց համաձայնությունն են տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը։ Գործարքի գին չի նշվում։

Սա «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի վաճառքի երկրորդ փորձն է, առաջինը 2021-ի աշնանն էր, երբ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ փոխկապակցված անձը և միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով այժմ կալանավորված է Հայաստանում, կիպրական ընկերության միջոցով փորձում էին գնել ընկերությունը։ Գործարքը, ըստ «Սիվիլնեթ»-ի, տապալվեց ռուս - ուկրաինական պատերազմի ու դրան հետևած պատժամիջոցների հետևանքով։ Այդ ժամանակ «Ռոստելեկոմ»-ի ղեկավարն ասել էր, որ իրենց հայկական դուստր ընկերության արժեքը 25 միլիոն ԱՄՆ դոլար է։

«Վիվա Արմենիա»-ի բաժնետերերն են չինացի Ժե Ժանգն ու Ռուսաստանի քաղաքացի Կոնստանտին Սոկոլովը։ «Սիվիլնեթ»-ը և «Հետք»-ը նախկինում անդրադարձել էին մի հանգամանքի, որ երկուսն էլ կապ ունեին «Հայբիզնեսբանկ»-ի նոր սեփականատերերի հետ։ Կան հիմնավոր կասկածներ, որ ոչ Ժանգը, ոչ էլ Սոկոլովը «Վիվա Արմենիա»-ի վերջնական ու իրական բաժնետերերը չեն։ Սոկոլովի ընկերություններից մեկն առնչվում էր Կիպրոսում դատական մի գործընթացի, որում խարդախության զոհ էր դարձել կանադացի ներդրող։

Ժե Ժանգի ու Կոնստանտին Սոկոլովի կողմից Հայաստանի ամենամեծ կապի օպերատորի բաժնետոմսերի ձեռքբերմանը հաջորդեց «Վիվա Արմենիա»-ի 20 տոկոսի նվիրատվությունը Հայաստանի կառավարությանը։ Դա հիմնավորվեց «Վիվա Արմենիա»-ի՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակությամբ, նաև հանգամանքով, որ ընկերությունն ունի ամենամեծ բաժանորդային բազան։ Փաստացի, «Վիվա Արմենիա»-ի կողմից գնմամբ Կառավարությունն անուղղակի բաժնետեր կդառնա նաև «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ում։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն Հայաստան է մուտք գործել 2007-ին, 2012-ից լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի ու թվային հեռուստատեսության ծառայություններ է մատուցում։ Ընկերությունն ունի օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներ, 92 տոկոս ներկայություն ունի Հայաստանի քաղաքներում։ 2024-ից ընկերությունը շահագործման հանձնեց Հայաստանում ամենախոշոր տվյալների մշակման ու ամպային ծառայությունների մատուցման կենտրոնը։ Այդ ներդրումային ծրագրին մասնակցում էր նաև Կառավարությունը։


Մկրտիչ Կարապետյան



XS
SM
MD
LG