Մատչելիության հղումներ

Կառավարությունը կստեղծի «հեղեղումների վտանգների և առաջացման ռիսկերի քարտեզներ»


Ջրհեղեղի հետևանքները Ալավերդի քաղաքում, 26-ը մայիսի, 2024թ.
Ջրհեղեղի հետևանքները Ալավերդի քաղաքում, 26-ը մայիսի, 2024թ.

Կառավարությունն այսօր հաստատել է «հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին» ներկայացվող պահանջները։

Այս քարտեզները պետք է ստեղծվեն Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Դրանք Հայաստանի տարածքում կառանձնացնեն այն հատվածները, որտեղ կան հեղեղումների ռիսկեր՝ ներառելով տվյալ տարածքում ջրային օբյեկտների մասին, հիդրոտեխնիկական, ճանապարհային ենթակառուցվածքների, բնակավայրերի, շենք-շինությունների ու տարածքում գոյություն ունեցող ցանկացած այլ կառույցի մասին տեղեկություն, այն ամենի մասին, ինչը կարող է վտանգվել հեղեղի դեպքում։

«Մինչ օրս նման քարտեզներ չեն կազմվել», - «Ազատության»-ը հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։

Այսօր Կառավարության ընդունած որոշման հիմնավորման համաձայն՝ «Հայաստանը, որպես չորային կլիմայով լեռնային երկիր, համարվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն, իսկ կլիմայական առանձնահատկություններով պայմանավորված Հայաստանի բնակավայրերին և ենթակառուցվածքներին սպառնում են մի շարք վտանգավոր բնական երևույթներ, այդ թվում՝ հեղեղումները, գետերի վարարումները, սելավները, սողանքները քարաթափումները և ձնահյուսերը»։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության հիմնավորման՝ հեղեղումների ռիսկի կառավարման տեսանկյունից «քարտեզները կարևոր են, իսկ դրանցից բխող եզրահանգումները հանդիսանում են հեղեղումների ռիսկի կառավարման պլանների հիմնական բաղադրիչներ»։

Մինչ օրս փաստորեն ոչ միայն նման քարտեզներ գոյություն չեն ունեցել, այլև չեն եղել ռիսկերի կառավարման վերաբերյալ գործողությունների պլաններ։ Ինչպես հայտնեց Լիլիթ Աբրահամյանը, քարտեզների ստեղծումից հետո պետք է յուրաքանչյուր գոտու համար մշակվեն «գործողությունների ու միջոցառումների պլաններ», ինչով արդեն կզբաղվի Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։

Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված պայմանագրի՝ ՍԵՊԱ-ի պահանջով այս հարցում հետևում է Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007 թվականի հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին։

Արդյոք քարտեզների վերաբերյալ որոշման ընդունումը պայմանավորվա՞ծ է մայիսին Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներով։ Նախարարությունից ասում են, որ դրանք այսպես թե այնպես պետք է ընդունվեին Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, սակայն «մայիսյան դեպքերը օգնել են գործնականում ավելի լավ պատկերացնելու, թե քարտեզներն ինչի մասին են»։

Լոռու մարզում մայիսին տեղի ունեցած ջրհեղեղից զոհվեց 4 մարդ, քանդվեցին տասնյակ կամուրջներ, վնասվեցին ճանապարհներ։ Կառավարությունը հեղեղումների հետևանքները վերացնելու համար ավելի վաղ «հատկացրել է 1 մլրդ դրամ Լոռու և Տավուշի մարզերի 9 համայնքում շուրջ 1000 ֆիզիկական անձանց և 251 օբյեկտների աղետի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման համար»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG