Ճգնաժամ եկեղեցում, որն, ըստ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի, կհանգուցալուծվի Կաթողիկոսի հեռացմամբ և նոր Կաթողիկոսի ընտրությամբ:
Մոտ 80-էջանոց զեկույցում վարչապետ Փաշինյանի աշխատակազմը Գարեգին երկրորդի մասին խոսելիս օգտագործում է կամ «փաստացի կաթողիկոս» կամ առավելապես «եկեղեցու փաստացի պետ» ձևակերպումները՝ վերջինը՝ 215 անգամ:
Ըստ Կառավարության՝ Եկեղեցում ճգնաժամը նախևառաջ այն պատճառով է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ, ինչը անհամատեղելի է հովվապետին առաջադրվող կանոնական պահանջների հետ:
«Ընդդեմ եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք», - հայտարարել է Գարեգին Երկրորդը:
Մեկ տարուց ավելի վարչապետի՝ հրաժարականի պահանջին դիմադրող Գարեգին Երկրորդը նաև զավակ ունենալու հարցին է անդրադարձել. - «Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին, և այնտեղ այդ հարցը քննության է առնվում և համապատասխան որոշում կայացվում: Ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականներն առանձին մեղադրանքներին պետք է անդրադարձ կատարեն, պատասխաններ հնչեցնեն և այլն: Մեկ ատյան կա՝ դա եկեղեցական ատյանն է»:
Զեկույցում տեղ են գտել նաև Փաշինյանի մեղադրանքները, թե Գարեգին Երկրորդն ու նրա ընտանիքի անդամները եկեղեցին օտար երկրների շահերին են ծառայեցնում, ինչպես երևում է հետագա փաստակներից՝ նկատի ունեն Ռուսաստանին:
Հեղինակները կրկնել են Կաթողիկոսի եղբոր՝ ԿԳԲ գործակալ լինելու մասին պնդումը, որը Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը հերքել է:
Կաթողիկոսին ու մի շարք բարձրաստիճան հոգևորականների մեղադրել են նաև քննադատներին հետապնդելու և ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու մեջ: Կուլմինացիան, ըստ հրապարակման, վարչապետի հրաժարականի պահանջով 2024-ի «Սրբազան պայքար» շարժումն էր, որն առաջնորդում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը:
Իշխանության ու բարձրաստիճան եկեղեցականների առճակատումը սրվեց անցած տարվա կեսերից։ Եթե սկզբում Նիկոլ Փաշինյանը կուսակրոնության խախտումն էր բերում որպես Կաթողիկոսի հեռացման անհրաժեշտության փաստարկ, հիմա ավելացրել է Արցախի մասին հիշատակումները. -«Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ և անմահ պատարագների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի հանրապետությունը՝ այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ: Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ»:
Շեշտադրված է եկեղեցու ֆինանսական ոչ թափանցիկությունը՝ մասնավորապես նվիրատվությունների մասով:
Չայած հղում են արել բաց աղբյուրներին, բայց Կաթողիկոսի համախոհ հոգևորականների սեռական կյանքին ու սեռական կողմնորոշման մասին պնդումներ են հրապարակվել՝ որպես եկեղեցում ընտրովի բարեվարքության ապացույց:
Մայր Աթոռը հակասահմանադրական է որակում
Մայր Աթոռից երեկոյան արձագանքեցին Կառավարության պատրաստած զեկույցին՝ որակելով «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական», անընդունելի են համարել, ինչպես ձևակերպել են՝ «քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում»։
«Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը», - նշված է Մայր աթոռի տարածած հայտարարության տեքստում:
Իշխանականները կոնկրետ քայլերից են խոսում, ընդդիմադիրներն ապօրինի են որակում գործընթացը
Չնայած Սահմանադրությամբ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, ու նրանց գործունեության ազատությունն էլ պետական մակարդակով պետք է երաշխավորված լինի, բայց գործադիրը նաև քայլ առ քայլ հրապարակել է իր տեսլականը՝ Կաթողիկոսի հեռացումից մինչև նորի ընտրություն:
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից է անդրադարձել իր ենթակաների զեկույցին: Ավելի վաղ չէր բացառել, որ այն կարող է դառնալ նաև խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման ու քննարկման առարկա:
Ընդդիմությունը մինչև զեկույցի հրապարակվելն էր գործընթացն ապօրինի որակում:
«Այն բոլոր գործընթացները, որոնք մենք այս ամբողջ մեկ տարվա ընթացքում տեսել ենք, ըստ էության, հակասահմանադրական են և ուղիղ միջամտություն են եկեղեցու ներքին գործերին: Եկեղեցու դեմ այս հետևողական արշավը մեկ նպատակ ունի խարխլել մեր ինքնության հենասյուներից թերևս ամենակարևոր ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցու ինստիտուտը: Մենք նաև հիմնավոր կասկած կարող ենք ունենալ, որ սա փաստացի արտաքին օրակարգի սպասարկում է. խոսքը ադրբեջանական օրակարգի մասին է», - հայտարարում է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:
Մինչ ընդդիմադիրները համոզված են՝ Փաշինյանը չի հաջողելու, իշխանականները կոնկրետ քայլերից են խոսում, թե էլ ինչ կարող է հետևել զեկույցի հրապարակմանը:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հասմիկ Հակոբյանը չբացառեց օրենսդրական նոր նախաձեռնությունները:
«Հենց հարկվելու հետ կապված խնդիրը եկեղեցու: Ոլորտներ կան, որոնք չեն հարկվում: Խոսել ենք, որ այդ հարկումը կենթադրի նաև հարկերի վերադարձ եկեղեցուն: Այսինքն՝ ոչ թե բյուջեն ուզում է հարստանալ եկեղեցու հարկերով, այլ թափանցիկության խնդիր է, որպեսզի հավատացյալները տեսնեն, թե ինչին է ծառայում իրենց հանգանակությունը», - ասաց իշխանական պատգամավորը:
Չնայած քարոզարշավին վարչապետն անձամբ ու թիմակիցները չզարգացրին Կաթողիկոսի հեռացման իրենց ծրագիրը, բայց հարցն ընդգրկվեց Կառավարության հնգամյա ծրագրում: Դեռ չի բացահայտվում, թե Փաշինյանի կառավարության մշակած նոր Սահմանադրության նախագծում եկեղեցուն վերաբերող ինչ ձևակերպումներ ու կարգավորումներ տեղ կգտնեն, ու արդյոք գործող դրույթը կփոխվի:
«Ես իրավասու չեմ, դեռևս չհրապարակված նախագծի մասին հայտարարություններ անել, բայց որևէ աշխարհացունց փոփոխություն դուք չեք գտնի Էդ մասով», - նշեց Հակոբյանը:
Իշխանության ու բարձրաստիճան եկեղեցականների առճակատումը սրվեց 2025-ի կեսերից։ Մինչ իշխանությունը եկեղեցուն է մեղադրում այլախոհներին ճնշելու մեջ, ընդդիմությունն էլ Կաթողիկոսի ու մի շարք բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքներն է քաղաքական հետապնդում որակում:
Անկախ Հայաստանի պատմության մեջ այս տարի առաջին անգամ դատարանի առաջ կանգնեց Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը: Դրանից առաջ էլ՝ մի շարք բարձրաստիճան եպիսկոպոս/արքեպիսկոպոսներ: