Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց Հայաստանում կենսաթոշակները բարձրացնելու մասին հարցը:
«Շատ ուրախ եմ և շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետև ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը: Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս պեռաշկի ուտել», - ասել է Փաշինյանը:
Թոշակառու կինը, որ լսել է վարչապետ Փաշինյանի այսօրվա հիմնավորումները՝ ինչպես ստացվեց, որ կարողացան թոշակներն ավելացնել 10 հազար դրամով, ասաց. «Ցավդ տանեմ, լավ էլի, հերիք ա էլի, ի՞նչն են լավ աշխատել»:
Պարզվում է՝ թոշակ բարձրացնելուն նպաստել են նաև պետական համակարգում բաժանված միլիոնանոց պարգևավճարները, պետծառայողները մոտիվացված են աշխատել և նախատեսվածից ավելի արդյունք ապահովել:
«Գործոններից մեկը, որը բերել է նրան, որ մեքն այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից»:
«Իսկ ինչո՞ւ չեն այնքան մոտիվացվել, որ միլիոնանոց թոշակ մեզ տան, իրենք տասը հազարով պարգևատրվեն», - թոշակառուների մի մասին դեռ զայրացնում է պարգևատրումների թեման, բայց կան տարեցներ, որ վարչապետի պես՝ շատ ուղիղ կապ են տեսնում միլիոնների ու իրենց թոշակի ավելացման միջև:
«Տեսնում եմ, որ կյանքն առաջ է գնում, հարկերը վճարում են բոլորը, ստացվում է՝ բյուջեն գումար կա, մարդիկ օգտագործում են լավ նպատակների համար, գտնում եմ, որ պարգևավճարները նորմալ է: Լավ է, որ էֆեկտ է տալիս», - ասաց թոշակառուներից մեկը:
Կառավարության այսօրվա նիստի մեծ մասը՝ ավելի քան 40 րոպե կենսաթոշակների ավելացման մասին էր: Գործադիրի անդամները այս որոշումը պատմական են որակում, բարեկեցության նոր մակարդակ է, ասում են:
«Նվազագույն կենսաթոշակն ավելի է պարենային զամբյուղից, ու միջին կենսաթոշակը ավելի է սպառողական զամբյուղի արժեքից», - նշեց Փաշինյանը:
Տղամարդը, որ միայնակ է ապրում՝ 66 հազար դրամով, պնդում է՝ անհնար է դրանով գոնե սնվել մեկ ամիս. «Չնչին գումար է, դա թոշակառուներին չի օգնի: Ստիպված եմ իմ բնակարանը վաճառել, որ կարողանամ ապրել»:
Մի կին էլ կառավարության տված բոլոր հնարավորություններից օգտվում է. «Իմը 59 է, ես հետվճարն էլ եմ ստանում, դառնում է 69, հիմա, որ էս 10-ն էլ ստանամ, չգիտեմ՝ 10 ա իմը, թե ինչքան ա, էլի բան ա, էլի լավ ա»:
Միևնույն է ասում է՝ եթե օգնող չունենար՝ ինչ բարեկեցություն. «Դե ընտանիքիս անդամները կոմունալներն են մուծում, ես օրական մի հատ հաց, մի հատ բան առնում եմ, էդպես»:
Որտեղի՞ց փող թոշակների ավելացման համար
Որտեղի՞ց փող, այն էլ միանգամից 78 միլիարդ դրամ՝ թոշակների ավելացման համար հենց այսքան գումար է պետք: Պարզվում է՝ Ֆինանսների նախարարությունն էլ է այս առումով հարցեր ունեցել: Թոշակների ավելացման վերաբերյալ որոշման նախագծի փաթեթում գերատեսչությունն այս քայլը ռիսկային է համարել, գրել են՝ ֆինանսավորման աղբյուրները հստակ չեն: Գործադիրի այսօրվա նիստում փոխվարչապետ Խաչատրյանն ասաց՝ ֆիննախի հետ քննարկել են ու լուծում գտել:
«Մենք երկու բան ենք անելու. առաջինը՝ հատկացումները կատարելու ենք եռամսյակային կտրվածքով լրացուցիչ հատկացումներ, որ տարվա ընթացքում ֆինանսական կառավարելիությունը մշտապես լինի մեր տեսադաշտում ու խելամիտ կարգավորումների ներքո, երկրորդը՝ վստահ ենք, որ ՊԵԿ-ի հետ նաև նախապես քննարկումների արդյունքում, ավելի բարձր տնտեսական աճը բազայի վրա նոր հարկային եկամուտների ակնկալիքներ ունենք, որոնք տարվա ընթացքում իրացվելու են», - ասաց Խաչատրյանը:
Որոշ տնտեսագետներ ահազանգում են՝ թոշակների բարձրացման անակնկալ որոշումը, որ բյուջեով էլ նախատեսված չէ, կարող է ռիսկեր ստեղծել, օրինակ, գնաճի առումով: Ավելի արդյունավետ են համարում եթե աստիճանաբար նախորդ տարիների ընթացքում սահուն ավելանար թոշակը:
Ամեն ինչ կառավարելի է, վստահեցնում են կառավարական կաբինետում, այնպես չի լինի, որ փող չգտնեն ու թոշակը չբարձրանա: Ապրիլի ուղիղ 1-ին 623 հազար 353 թոշակառու կստանա 10 հազարով ավելացած թոշակ: