Կառավարությունն ավելացրեց հայտարարագրումից հետո տրվող փոխհատուցման շրջանակը։ Գործադիրի նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ պետությունը տարեկան մինչև 100 հազար դրամով կփոխհատուցի նաև երաժշտական, արվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, մարզադպրոցների համար կատարված ուսման վարձավճարները, ատամնաբուժական ծառայությունների ծախսերը։
«Նախատեսվում է սահմանել, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերով հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար։ Այսինքն՝ հետադարձ ուժով», - շեշտեց նախարարը։
Գործադիրի անդամները պարզաբանեցին, որ պետությունը փոխհատուցում կտա եկամտային հարկ մուծած, այդ թվում՝ բնակարանը վարձակալությամբ տված քաղաքացիներին։
«Եթե մարդը այլ ծրագրերով եկամտային հարկի վերադարձ է ստացել հիփոթեկի հայտնի ծրագրով, որտեղ մենք 2024 թվականին 68 մլրդ դրամ վերադարձրել ենք քաղաքացիներին, ինքը այդ եկամտահարկը հետ է ստացել կամ այլ ծրագրերով, այս սոցիալական կրեդիտը հետ է ստացվում այն պարագայում, երբ իր վճարած հարկի մնացորդ դեռ գոյություն ունի», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, վարչապետն այսօրվա որոշումից դեռ երկու շաբաթ առաջ՝ իր վերջին ասուլիսում էր խոսել սոցիալական կրեդիտների մասին։ Փորձագետները շատ արագ նկատեցին, որ նման կարգավորում այդ պահին դեռ չկար, հետո ՊԵԿ-ը ստիպված եղավ պարզաբանել, որ վարչապետը խոսել է առաջիկայում ուժի մեջ մտնող կարգավորման մասին։