Մատչելիության հղումներ

Կառավարությունն արցախցի փոքր ընտանիքների համար նոր ծրագիր ունի. մասնագետը մի շարք խնդիրներ է տեսնում


Արցախից տեղահանված քաղաքացիները Երևանում ակցիայի ժամանակ, արխիվ
Արցախից տեղահանված քաղաքացիները Երևանում ակցիայի ժամանակ, արխիվ

Արցախից տեղահանված մինչև երեք անձից բաղկացած ընտանիքները կարող են տասը տարով բնակարանի վարձավճարի մասնակի հատուցում ստանալ: Կառավարությունը նման որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ: Նախատեսում է աջակցության ծրագիրն սկսել 2026 թվականի հուլիսի 1-ից:

Ըստ գործադիրի հիմնավորումների՝ այս ծրագիրն այլընտրանք է փոքր կազմով այն ընտանիքների համար, որոնք չեն կարող մասնակցել բնակարանի գնման գործող ծրագրին: Մինչև երեք անդամ ունեցող ընտանիքները հնարավորություն չունեն պետության աջակցությամբ բնակարան գնելու իրենց ընտրած բնակավայրում: Արդեն առաջարկվող այս նոր նախագծի համաձայն՝ նրանք կարող են ընտրել վարձավճարի երկարաժամկետ՝ 10 տարով հատուցման տարբերակը:

Բայց արցախցիների խնդիրներն ու պետական ծրագրերն ուշադրության կենտրոնում պահող Լիաննա Պետրոսյանն ասում է՝ առաջարկվող նախագիծը չի արդարացնում փոքր կազմով ընտանիքների սպասելիքները: Առաջին հայացքից երկարաժամկետ թվացող աջակցությունն այս ընտանիքներին երկարատև էլ խնդիրների մեջ կպահի, ասում է Լիաննա Պետրոսյանը:

«Ստացվում է, որ տասը տարվա մասնակի փոխհատուցումը տեսականորեն ապահովում է որոշակի կայունություն, բայց իրականում մարդկանց պահում է վարձակալական շրջապտույտում, պետք է օգտվեն հիմնականում նրանք, ովքեր փաստացի դուրս են մնալու ավելի արդյունավետ ծրագրերից», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Եթե կառավարությունն ընդունի նախագիծը, ապա այս պետական աջակցությունից կօգտվեն հատուկ կարիքներ ունեցող մինչև երեք անդամ ունեցող ընտանիքները, որտեղ կան առաջին կամ երկրորդ խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք: Ընդ որում, կա նաև տարիքային սահմանափակում: Երկու անդամ ունեցողների դեպքում անդամների տարիքային հանրագումարը պետք է լինի 115 և ավելի, երեք անդամ ունեցողների դեպքում՝ 175 և ավելի:

Կառավարությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ է խոստանում: Երեք անդամ ունեցող ընտանիքը ամսական կստանա 120 հազար դրամ:

«Առարկայական չի ծածկում այն վարձավճարները, հատկապես մեծ քաղաքներում, և ընտանիքն, այնուամենայնիվ, լրացուցիչ բեռ ունենալու է: Երկրորդը՝ շահառուները տասը տարի մնալու են որպես վարձակալ կախված կամ տանտիրոջից, կամ շուկայական փոփոխություններից, ու դրան գումարած նաև այն, որ իրենք արդյունքում չեն ունենալու սեփականություն, այսինքն՝ պետությունը մեծ գումարներ է ծախսելու երկարաժամկետ կտրվածքով, բայց արդյունքում բնակարանի խնդիր չի լուծվելու շահառու համար, և գումարը, կարելի է ասել, հոսելու է դեպի վարձակալության շուկա», - նկատեց Պետրոսյանը:


Եվս մեկ պայման է դրել կառավարությունը փոխհատուցման այս նախագծում: Ծրագրից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնք բնակարանի գնման հավաստագիր են ստացել:

«Տեղահանվածների համար վերջին արձագանքները ուսումնասիրելով՝ կարելի է ասել, որ ընդունելի չէ», - ասաց Լիաննա Պետրոսյանը:

Առանց այն էլ փոքր կազմով ընտանիքները չէին էլ օգտվում բնակարանով ապահովման պետական ծրագրից, քանի որ աջակցությունը շատ փոքր էր ստացվում, տրամադրվող գումարով հնարավոր չէր լինում տուն ճարել: Տեղահանվածների համար գործող բնակարանային ապահովման ծրագրով ամեն անձին 3 միլիոն դրամի հավաստագիր է տրվում՝ Երևանի ու անմիջական հարևանությամբ գտնվող համայնքներում տուն ձեռք բերելու համար, սահմանամերձ բնակավայրերինը՝ 5 միլիոն, մնացածը՝ 4 միլիոն դրամ: Թեև ծրագիրը նախատեսված է 25 հազար ընտանիքի համար, բայց մեկուկես տարում նրանց 10 տոկոսն էլ դեռ պետության աջակցությամբ բնակարանի հավաստագիր չի ստացել: Արցախցիների հարցերով զբաղվող Լիաննա Պետրոսյանն ասում է՝ միայն այս թվերով կարելի է հետևություն անել ծրագրի արդյունավետության մասին:

Կառավարությունը նախատեսում է բնակարանի վարձակալության մասնակի հատուցման ծրագիրը ֆինանսավորել ոչ միայն պետական բյուջեից, այլև միջազգային կամ տեղական կազմակերպությունների տրամադրած միջոցներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG