Կառավարությունն ապրիլից կրճատում է տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։
Դեռ անցած տարեվերջին էր գործադիր որոշել՝ ապրիլից մինչև հունիս աջակցության չափը դարձնել 40 հազար դրամ, հուլիսից-դեկտեմբեր արդեն 30 հազար դրամ։ Բայց այս աջակցությունից, ի տարբերություն գործողի, սահմանափակ թվով տեղահանվածներ են օգտվելու՝ միայն անչափահասները, կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածներն ու 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործողին զուգահեռ՝ ավելի փոքր գումարի չափով ու գրեթե 9 անգամ ավելի քիչ շահառուներ ընդգրկող նոր աջակցության ծրագիր է մտադիր ընդունել։
Այն նախատեսված է 11 հազար 430 անապահով տեղահանվածի համար։ Հանրային քննարկման դրված նախագծով պետությունն առաջարկում է 40 հազար դրամ աջակցություն տալ ընտանիքի միայն մեկ անդամի, իսկ մյուսներին՝ 10 հազար։ Տեղահանվածներից ոմանք արդեն հասցրել են ծանոթանալ երեկ հանրային քննարկման դրված նախագծին։
Արցախցիները դժգոհում են
Ստեփանակերտից Գոհար Հայրիյանի ընտանիքը տարակուսած է՝ ինչ են անելու մարտից հետո, երբ զրկվեն աջակցության մեծ մասից. հաշվել է՝ 8 հոգանոց ընտանիքը ներկայիս 400 հազար դրամի փոխարեն ապրիլից 110 հազար դրամ է ստանալու։
Ընտանիքում միայն ամուսինն է աշխատում։ 43-ամյա կինն ասում է՝ աշխատավարձով ընտանիքի սննդի ու երեխաների դպրոցական ծախսերն են մի կերպ կարողանում հոգալ։ Իսկ պետության տված հիսուն հազարական աջակցությամբ տան վարձը, կոմունալներն ու դեղերի գումարը վճարում։ Այլ ծախսերի դեպքում ընտանիքը խնդրի առաջ է կանգնում։ Երեխաներից 2-ը հաշմանդամություն ունեն։
Համացանցում բազմաթիվ են դժգոհությունները։ Նախագիծը բոյկոտելու վերաբերյալ միայն մեկ հրապարակման տակ դրա դեմ արտահայտվել է գրեթե 1700 օգտատեր։
Սոցապի նախագծի դեմ համացանցում բոյկոտի ակցիա սկսած Լիաննա Պետրոսյանը կարծում է՝ հիսուն հազարական աջակցության ծրագիրը կառավարությունը պետք է պահպանի բոլոր տեղահանվածների համար: Արցախցի հասարակական գործիչը հիմնավորում է՝ նրանց մեծ մասը վարձով է ապրում ու փաստացի անապահով է։
«Հենց կառավարության պատասխանատուների կողմից բազմիցս հնչել են արտահայտություններ, որ այս ծրագրերը պետք է բնակվարձի տրամադրման, կեցության կացության ծախսերը հոգալու գումարները պետք է տրամադրվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ տանիքով չեն ապահովվել: Բայց մենք տեսնում ենք, որ բնակապահովման ծրագիրը մեկնարկել է մայիսին 24 թվականի, առ այսօր խայտառակ ցուցանիշներ են, իսկ դրան հակակշիռ որևէ այլ ծրագիր չկա», - նշեց Լիաննա Պետրոսյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չեն հասկանում քաղաքացիների դժգոհության պատճառը
Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը շեշտում է, թե սա լրացուցիչ աջակցության ծրագիր է, որից օգտվելու հնարավորություն կարող են ունենալ՝ գործող աջակցությունից զրկված որոշ քաղաքացիներ։
«Ապրիլի 1-ից լրացուցիչ այն ընտանիքները կամ այն անձինք, որոնք չեն շարունակի ստանալ գործող 40 հազար դրամը, եթե էս սահմանում բավարարեն անապահովության էս սահմանին՝ լրացուցիչ էսքան գումար՝ հրատապ խնդիրները լուծելու համար», - ասաց Հարությունյանը:
Սոցապ նախարարության պաշտոնյան պնդում է, թե պետությունը պատրաստվում է այլ աջակցության ծրագրեր էլ իրականացնել՝ առանց հստակեցնելու, թե ինչ ծրագրեր են լինելու, ինչ ժամկետներով ու քանի շահառուի համար։
Տեղահանված արցախցիները դժգոհում են նաև կառավարության մեկ այլ՝ բնակարանային ապահովման ծրագրից։ Ծրագրով ընտանիքի ամեն մի անդամի 4 միլիոնից մինչև 5 միլիոն դրամ են առաջարկում տուն գնելու կամ կառուցելու համար։ Սակայն շատերը դժվարանում են այդ գումարով տուն գտնել անգամ սահմանամերձ գյուղերում։