Կապսի ջրամբարը կառուցող չինացիները հեռացել են Հայաստանից: Այստեղ արդեն նրանց ներկայության մասին հուշում է միայն դրոշը, որ ծածանվում է Հայաստանի ու Գերմանիայի դրոշների կողքին:
1980-ականների կեսերից կառուցվող ջրամբարի շինարարության այս մի փորձն էլ առայժմ հաջողության պատմություն չէ: Շինաշխատանքներն օրերս կասեցվել են, իսկ Հայաստանի կառավարությունը միջազգային մրցույթը շահած չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ի հետ պայմանագիրը դադարեցնելու գործընթաց է սկսել: Տեղեկությունը հաստատեցին ջրամբարի կառուցման պատվիրատու Տարածքային զարգացման հիմնադրամից: Այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել:
Բայց արդեն տարվա կեսին էր պարզ, որ Կապսի ջրամբարի շինարարությունը սահմանված ժամանակացույցից 270 օր կամ 9 ամիս հետ է ընկել, այնինչ ծրագրի առաջին փուլի ավարտին 8 ամիս էր մնացել: Տարածքային զարգացման հիմնադրամի Կապսի ջրամբարի ծրագրի համակարգող Դավիթ Զաքարյանը «Ազատությանն» ասել էր, որ ժամկետային շեղումները վերականգնել հնարավոր չէ: Այն ժամանակ, սակայն, ժամկետները խախտած չինացիների հետ պայմանագիրը խզելու մասին դեռ խոսք չկար:
«Ցավոք սրտի, Կապսի ջրամբարի շինարարությունը այնպիսին է, որ հերթականությամբ պետք է իրականացվի, և այդ պատճառով լրացվել ամբողջ հետ ընկած ժամանակահատվածը հնարավոր չէ: Ժամկետները որոշ մասով կորած են, որ որ հետ բերել հնարավոր չէ», - ընդգծել էր Զաքարյանը:
Եթե օգոստոսին աշխատանքների 11 տոկոսն էր արվել, ապա հաջորդող ամիսներին չինական ընկերությունն ընդամենը 3.5 տոկոսով է ավելացրել ծավալը: Հենց սա էլ հիմք է դարձել, որ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը պայմանագրի դադարեցման գործընթաց սկսի՝ կապալառուի կողմից սահմանված աշխատանքներն ու պայմանագրային շտկումները ժակետներում չիրականացնելու համար: Ընդ որում՝ նախարար Դավիթ Խուդաթյանն այս գործընթացը սկսելուց ընդամենը մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 11-ին օնլայն շփվել էր նախագիծը ֆինանսավորած գերմանական KfW բանկի հետ ու, ինչպես նշված է հաղորդագրությունում, քննարկել «Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու հարցերը»։
Թե ինչպես են պատկերացնում այդ առաջընթացը այս պայմաններում, պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ով է պատասխանատվություն կրելու ջրամբարի կառուցումը ձախողելու համար:
Կապսի ջրամբարը ռազմավարական կառույց է, այն հատուկ պահպանվող տարածք է: Տարածքում բանվորական մեծ ավան է կառուցված, չինացիները նաև իրենց շինտեխնիկան են թողել: Տարածքային զարգացման հիմնադրամից դեռ չեն հստակեցնում՝ արդյոք շինտեխնիկան կմնա Հայաստանում՝ որպես տույժ: Պարզ չէ նաև՝ նոր միջազգային մրցույթ կհայտարարվի՞, թե՞ ոչ, կամ ե՞րբ:
Չինական ընկերության հետ պայմանագիրը հաջորդ տարվա ապրիլին էր ավարտվելու, այդ ժամանակ էլ նախատեսվում էր ջրամբարի կառուցման առաջին փուլն ավարտել: 270 օրվա շեղման պարագայում պատվիրատուն տույժ չկիրառեց, այդ ժամանակ Կապսի ջրամբարի ծրագրի համակարգողն այսպես հիմնավորեց. - «Այս փուլում դեռևս տույժեր, տուգանքներ չեն կիրառվել մի պարզ պատճառով՝ որովհետև տուգանքներ նախատեսվում է պայմանագրի ժամկետի ավարտից հետո, մենք դեռևս պայմանագրային ժամկետներում ենք և չենք կարող կիրառել այդ տույժեր-տուգանքները: Սակայն պայմանագրի ընթացքում արդեն ժամանակացույցից հետ ընկնելը իրավունք է տալիս պատվիրատուին՝ հիմնադրամին, իր կրած վնասները փոխհատուցում պահանջել կապալառուից, որի համար մենք արդեն կապալառուին տեղեկացրել ենք և գրությամբ դիմել ենք»:
Չինական ընկերությունն աշխատանքների մեկնարկից արդեն մասնագետների համալրման խնդրից էր խոսում ու ձգձգումները նաև այդ հանգամանքով պայմանավորում: Ֆինանսավորման խնդիր, ըստ պատասխանատուների, չկա, քանի որ վարկային միջոցներ են ներգրավվել: 68.5 մլն եվրոյի վարկ տրամադրել է գերմանական KfW բանկը, ևս 26.7 մլն եվրո էլ՝ Հայաստանի կառավարությունը։
Կառավարությունը 5 մլրդ դրամ էլ հատկացրել էր Կապսի ջրամբարի կառուցաման հետևանքով Ջրաձոր համայնքը տեղափոխելու ու նոր գյուղ կառուցելու համար:
«Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն հենց Ջրաձորի և Ջրաձորի բնակիչների համար, այլև կարևոր է մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ կոնկրետացնելու վերաբերյալ». - հինգ տարի առաջ վարչապետը Փաշինյանը խոսում էր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառուցվող նոր գյուղից: Կապսին հարակից Ջրաձորի բնակիչներին էին նախատեսում նոր բնակավայր տեղափոխել: Ջրաձորը դեռ տեղում է: