Մատչելիության հղումներ

Քաղաքացու նկատմամբ բռնության գործով անցնող ոստիկանը՝ Լոռու զինկոմ


Վրեժ Մկրտումյանը և փաստաբան Արա Ղարագյոզյանը Մեդիա կենտրոնում, արխիվ
Վրեժ Մկրտումյանը և փաստաբան Արա Ղարագյոզյանը Մեդիա կենտրոնում, արխիվ

Այս տարվա գարնանը պաշտպանության նախարարը Լոռու մարզի զինվորական կոմիսար է նշանակել Սարգիս Վահրադյանին, թեև նա այդ ժամանակ անցնում էր քաղաքացուն բռնության ենթարկելու գործով:

Չորս տարի առաջ՝ Ստեփանավանի ոստիկանապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս, Վահրադյանը ոստիկանապետի մյուս տեղակալ Վահրամ Խաչատրյանի հետ գիշերով կանգնեցրել է օդանավակայանից վերադարձող մեքենան, վարորդին ու ուղևորներին իջեցրել մեքենայից, բռունցքներով հարվածել նրանցից մեկին՝ գյուլագարակցի Վրեժ Մկրտումյանին, անգամ զենք պահել վրան: Բռնություններն արձանագրել է մեքենայում տեղադրված տեսախցիկը։

Թեև փոխոստիկանապետին մեղադրանք էր առաջադրվել, գործն էլ մտել էր դատարան, բայց դա չի խանգարել, որ նա պաշտոնի բարձրացում ստանա՝ դառնալով մարզի զինկոմ: Պաշտպանության նախարարի այս որոշումից կարճ ժամանակ անց՝ հունիսի 17-ին, դատարանը հաստատել է Վահրադյանին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել երեք տարվա պայմանական ազատազրկման ու ևս մեկ տարով զրկել պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Դատարանում մի քանի անգամ էին դիտել այս տեսանյութը, որ տարածվել էր համացանցում:

Վրեժ Մկրտումյանն այսօր հրաժարվեց հարցազրույցից։ Ասաց՝ այլևս չի ուզում խոսել այս թեմայով: Ավելի վաղ նա Մեդիա կենտրոնում պատմել էր, թե այդ օրը որքան ագրեսիվ ու կոպիտ են վարվել ոստիկաններն իր հետ.

«Առանց ոչ մի ներկայանալու, ուղղակի ասելով, որ «ոստիկանությունից ա, իջեք մեքենայից», զենքը պահելով մեր վրա, իջացրել են, վատ ձևի խոսացել են մեր հետ, քաշքշել են, խփել են, զենքը պահել են մեր վրա... Պատճառ չի եղել, մինչև էսօր մենք չգիտենք պատճառի մասին»:

Ոստիկանների արդարացումն, ըստ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործի, այն է, որ նույն գիշերը Տաշիրում ավազակային հանցագործություն էր կատարվել, իրենք ուժեղացված հսկողություն էին իրականացնում։ Բայց դատարանը նշել է, որ օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ կիրառել միայն բացառիկ դեպքերում՝ իրավախախտներին բռնելու կամ դիմադրություն խափանելու համար։ Վահրադյանն ու Խաչատրյանը, ինչպես նշված է դատավճռում, «դիտավորյալ, անհիմն և ապօրինի բռնություն են գործադրել»։

Թե՛ նախաքննության ընթացքում ու թե՛ գործը դատարան հասնելուց հետո, քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության երկու պաշտոնյաներն էլ շարունակել են պաշտոնավարել։ Ընդ որում, ոչ միայն Վահրադյանն է պաշտոնի բարելավում ստացել, այլև մյուս ամբաստանյալը՝ Վահրամ Խաչատրյանն է, «Ազատության» տեղեկություններով, օրերս Ստեփանավանից տեղափոխվել Ոստիկանության մարզկենտրոնի՝ Վանաձորի բաժանմունք՝ դարձյալ նշանակվելով պետի տեղակալ:

Իսկ նրանց անմիջական ղեկավարի՝ Ստեփանավանի ոստիկանապետ Սուրեն Բագրատունյանի նկատմամբ քրեական հետապնդում ընդհանրապես չի հարուցվել: Չնայած նա ևս այդ օրն իր տեղակալների հետ է եղել ու կադրերում երևում է՝ զենքը ձեռքին, իրավապահները նրա գործողություններում հանցակազմ չեն գտել։ Ընդ որում, բռնության փաստը որակվել է ոչ թե խոշտանգում, այլ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Բացի այդ, դատարանի վճռով բարձրաստիճան ոստիկանների երեք տարվա ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվի, նրանք ճաղերի ետևում չեն հայտնվի:

Չնայած առկա տեսանյութերին ու աղմուկին՝ ոստիկանները մեղքը չեն ընդունում, Վահրադյանն օրերս բողոքարկել է դատավճիռը։ Նա «Ազատության» հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց:

Մեկ շաբաթ առաջ «Ազատություն»-ը պաշտպանության նախարարին գրավոր հարցրել էր՝ ի՞նչ չափանիշներով է Վահրադյանը նշանակվել զինկոմի պաշտոնում։ Նախարարն արդյոք տեսե՞լ է չորս տարի առաջ համացանցում տարածված տեսանյութը։ Տեղյա՞կ է արդյոք դատավճռից։ Նախարարը երեսնօրյա ժամկետ է խնդրել հարցերին պատասխանելու համար։

Մինչ այդ, Կառավարության բաց աղբյուրներում հրապարակված տեղեկություններից պարզ է դառնում, որ զինկոմի պաշտոնին հավակնել է 6 թեկնածու, որոնցից լավագույնն է համարվել Սարգիս Վահրադյանը:

Դատական գործում նաև մի ուշագրավ փաստ կա Վահրադյանի կենսագրության մասին: Մասնավորապես նշված է, որ նա 90-ականներին մեկ տարի եղել է Ոստիկանության բարձրագույն դպրոցի ունկնդիր, բայց 1996 թվականին «հեռացվել է դպրոցից ցածր առաջադիմության կապակցությամբ»: Տարիներ անց է միայն որպես ունկնդիր ընդունվել ու ավարտել նույն հաստատությունը:

Փաստացի, սակայն, Լոռու մարզի զինվորական կոմիսարի նշանակման մրցութային հանձնաժողովին չի կաշկանդել ոչ նրա նկատմամբ ընթացող քրեական վարույթը, ոչ էլ այն, որ նա մասնագիտական ուսումնական հաստատությունից հեռացվել է ցածր առաջադիմության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG