Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մեկնարկել են ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
«Հանդիպումը սկսվեց շատ կառուցողական, մենք շարունակում ենք մեր աշխատանքը»,- X-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը, ով ևս մասնակցում է ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպմանը։
Բանակցություններից առաջ՝ երկուշաբթի ուշ երեկոյան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրել էր՝ հուսով են գործնական արդյունքների հասնել։
«Այս բանակցություններում Ուկրաինայի դիրքորոշումը լիովին կառուցողական է լինելու», - ընդգծել էր Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Զելենսկին երեկ երեկոյան ժամանել է Սաուդյան Արաբիա։
Նախօրեին FT գրեց, որ Կիևը պատրաստ է առաջարկել Ռուսաստանին՝ դադարեցնել հեռահար հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածները, ինչպես նաև մարտական գործողությունները Սև ծովում և բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, նախօրեին փոխանցել է, որ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու որևէ գործարքի շրջանակներում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Պետդեպարտամենտի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի «դժվար որոշումներ» կայացնել՝ պատերազմն ավարտելու կամ գոնե «կանգնեցնելու» համար։ Ռուբիոն, ըստ NYT-ի, միևնույն ժամանակ հրաժարվել է խաղաղության հավանական ծրագիրը ներկայացնել։
Axios-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնել էր, որ Ուիթքոֆը ծրագրում է մարտի 13-ին ժամանել Մոսկվա՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրել է նաև Bloomberg-ը։
Մոսկվան թեև հաղորդել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները բավականին ինտենսիվ են, սակայն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է մարտի 13-ին ԱՄՆ բանագնացի հավանական այցը Ռուսաստան։