Արդարադատության Միջազգային դատարանը խորհրդատվական եզրակացություն է հրապարակել, համաձայն որի՝ Իսրայելը պարտավոր է ապահովել, որ Գազայի քաղաքացիական բնակչության հիմնական կարիքները բավարարվեն։
Նշվում է, որ Իսրայելը պետք է աջակցի ՄԱԿ-ի՝ Գազայի հատվածում իրականացվող օգնության ծրագրերին և այդ թվում՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալության՝ UNRWA-ի գործունեությանը։
Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացություններն ունեն իրավական և քաղաքական նշանակություն, սակայն պարտադիր չեն կատարման համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է դատարանի եզրակացությունը և կոչ արել Իսրայելին «կատարել իր պարտավորությունները:
Իսրայելի ԱԳ նախարարությունը X սոցիալական հարթակում հրապարակած գրառման մեջ վճռականորեն մերժել է դատարանի եզրակացությունները՝ հավելելով, որ «Իսրայելը լիովին կատարում է իր պարտավորությունները՝ համաձայն միջազգային իրավունքի»։
Իսրայելը անցյալ տարի արգելել էր UNRWA-ի գործունեությունը Գազայում՝ պնդելով, որ նրա որոշ աշխատակիցներ անդամակցում են զինված «Համաս» խմբավորմանը, որն ահաբեկչական է ճանաչված Արևմուտքի կողմից: