Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունը 48 մեքենա կգնի՝ կալանավորներին ու դատապարտյալներին ուղեկցելու համար


Հայաստանում դատապարտյալներին ու կալանավորներին դատարաններ, քննչական գործողությունների վայրեր, բժշկական կենտրոններ տեղափոխելու համար ձեռք կբերվեն 48 նոր մեքենաներ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ըստ Արդարադատության նախարարության հիմնավորման՝ վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ուղեկցումները կայուն աճել են՝ յուրաքանչյուր տարի՝ 20 տոկոսով: Այսպես, 2023-ին ուղեկցումների թիվը կազմել է 23 հազար 34, 2024-ին՝ 28 հազար 338, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն թիվը գերազանցել է 15 հազարը։ Արդարադատության նախարարության հիմնավորումներում թեպետ չի նշվում, սակայն ուղեկցումների աճի հիմնական պատճառներից մեկն այն է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թիվը շարունակական ավելանում է ամեն տարի: 2022-ին քրեակատարողական ծառայություններում պահվել է 2 հազար 265 անձ, 2023-ին՝ 2 հազար 469, իսկ 2024-ին՝ 2 հազար 686: Բոլոր այս տարիներին քրեակատարողական հիմնարկներում կալանավորված՝ առանց դատարանի որոշման ազատազրկված անձանց թիվը գերազանցել է դատապարտվածների թվին։

Արդարադատության նախարարությունը նախատեսում է հատուկ նշանակության 48 նոր ավտոմեքենաներ ձեռք բերել կալանավորների ու դատապարտյալների տեղաշարժն ապահովելու համար և նախատեսում է, որ ներկա ՈՒԱԶ- երը պետք է փոխարինվեն խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշներին համապատասխան։

Մեքենաների մատակարարման մրցույթը հաղթել է «Մեգնա» ընկերությունը։ Պայմանագրով Արդարադատության նախարարությունն ընկերությանը փոխանցելու է 1 միլիարդ 53 մլն դրամ։ «Մեգնա»-ն մատակարարելու է 2024 կամ 2025 թվականի արտադրության Ford Transit կամ դրան համարժեք մեքենաներ՝ Fiat Ducato, Mercedes-Benz Sprinter, Volkswagen Crafter։ «Մեգնա»-ի սեփականատերը Շախմուրադյանների ընտանիքն է, Կարեն Շախմուրադյանը ԱԺ նախկին պատգամավոր էր ՀՅԴ խմբակցությունից։

Ձեռք բերվող 48 մեքենաներից 12-ը կմատակարարվեն մինչ տարեվերջ, իսկ մնացածը՝ 2026-ի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG