Իսրայելը կիրակի օրը արգելափակել է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը Գազա: Վերջին վեց շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների հրադադարի շուրջ դիմակայությունը սրվել է, և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը կոչ է արել եգիպտացի և քաթարցի միջնորդներին միջամտել:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցչի առաջարկը Գազայում Ռամադանի և Փեսախի շրջանում կրակի ժամանակավոր դադարեցման մասին՝ ավելի վաղ համաձայնեցված հրադադարի մասին համաձայնագրի առաջին փուլի ավարտից մի քանի ժամ անց:
Հրադադարի մասին պայմանավորվածության հասնելու դեպքում ռազմական գործողությունները կդադարեցվեն մինչև Ռամադանի ավարտը՝ մարտի 31-ը, իսկ Զատկի տոնն ապրիլի 20-ին է:
Ծայրահեղական «Համաս»-ը հայտարարում է, որ հավատարիմ է ի սկզբանե համաձայնեցված հրադադարի ռեժիմին, որը պետք է անցներ բանակցությունների երկրորդ փուլ՝ ուղղված պատերազմի վերջնական դադարեցմանը, և մերժում է 42-օրյա զինադադարի ժամանակավոր երկարաձգման գաղափարը: