Մատչելիության հղումներ

Իսրայելական El Al-ը դադարեցրել է թռիչքները դեպի Մոսկվա՝ «ռուսական օդային տարածքում տեղի ունեցածի» պատճառով


Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի բեկորները Ղազախստանի տարածքում, 25-ը դեկտեմբերի, 2024թ․
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի բեկորները Ղազախստանի տարածքում, 25-ը դեկտեմբերի, 2024թ․

Իսրայելի խոշորագույն El Al ավիաընկերությունը մեկ շաբաթով դադարեցրել է թռիչքները Թել Ավիվից Մոսկվա՝ «ռուսական օդային տարածքում տեղի ունեցած իրադարձությունների» պատճառով։

Ավիաընկերությունը նշել է, որ հաջորդ շաբաթ իրավիճակը կվերագնահատվի, ապա հետագա թռիչքների մասին որոշում կկայացվի։

Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Reuters-ը և Euronews-ը, վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, պնդում են, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից՝ նշելով, թե ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններից որևէ մեկում՝ չնայած օդաչուների՝ արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին։ Ինքնաթիռին հրամայվել է թռչել Կասպից ծովով՝ Ակտաուի ուղղությամբ, իսկ օդանավի նավիգացիոն համակարգերն անջատվել են։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել ինքնաթիռի կործանման պատճառները։

Կրեմլի խոսնակը հորդորել է սպասել քննության արդյունքներին։ Մեկնաբանություններից հրաժարվել է նաև Ադրբեջանի նախագահը։

«Ինձ միայն ասվել է, որ ինքնաթիռը փոխել է ուղղությունը եղանակային վատ պայմանների պատճառով», - ասել է Իլհամ Ալիևն այսօրվա ասուլիսում։

Ինքնաթիռի կործանման դեպքով նախաքննություն է ընթանում։ «Սև արկղերը» հայտնաբերվել են։ Ավելի վաղ շրջանառվում էին թռչունների երամին բախվելու, ինքնաթիռում թթվածնի բաքի պայթյունի և ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածները։

XS
SM
MD
LG