«Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ադրբեջանական քննությանը մոտ կանգնած չորս աղբյուրների։ Նույնն են պնդում նաև մի շարք այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Euronews-ն ու թուրքական «Անադոլու»-ն։
Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել երեկ՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել էր, 29-ը վիրավորվել։ Ինքնաթիռը վթարից առաջ անցել էր Ռուսաստանի օդային տարածքի այն հատվածով, որտեղ վերջին ամիսներին ռուսական ՀՕՊ-ն աշխատում է ուկրաինական անօդչաուների հարձակման դեմ։
Պաշտոնապես ո՛չ Մոսկվան, ո՛չ Բաքուն այս վարկածը չեն հաստատել։ Կրեմլի խոսնակը հորդորել է սպասել քննության արդյունքներին։ Մեկնաբանություններից հրաժարվել է նաև Ադրբեջանի նախագահը։
«Ինձ միայն ասվել է, որ ինքնաթիռը փոխել է ուղղությունը եղանակային վատ պայմանների պատճառով», - ասել է Իլհամ Ալիևն այսօրվա ասուլիսում։