Մատչելիության հղումներ

Իսպանիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ կասեցնել Իսրայելի հետ համագործակցության համաձայնագիրը


Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Գազան գտնվում է «ցեղասպանության աղետալի իրավիճակում», և կոչ է արել Եվրամիությանն անհապաղ կասեցնել Իսրայելի հետ համագործակցության համաձայնագիրը։

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում Պեդրո Սանչեսը հղում է արել դաշինքի դիվանագիտական ծառայության՝ վերջերս հրապարակված՝ մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցին, որն արձանագրել էր՝ կան «նշաններ», որ Իսրայելը խախտում է իր՝ մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Պաղեստինին տրամադրվող մարդասիրական օգնությունն արգելափակելու, խաղաղ բակչությանը թիրախավորելու, լրագրողների վրա հարձակումների միջոցով։

«Եվրամիությունը մինչ օրս պատժամիջոցների 18 փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինա ներխուժելու համար, բայց «երկակի չափանիշներով ի զորու չէ անգամ կասեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետը։

Համաձայնագիրը կասեցնելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը, ինչը դիվանագետները գործնականում անհնար են համարում՝ դաշինքի ներսում առկա տարաձայնությունների պատճառով։

Գազայի պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը հարձակվեց Իսրայելի վրա, սպանվեց 1219 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք, ևս 251 մարդ պատանդառվեց։
Իսրայելի պատասխան գործողություններից, ըստ Պաղեստինի իշխանությունների, մինչ օրս զոհվել է ավելի քան 56 հազար մարդ, մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ։ Իսրայելը նաև մի քանի ամիս է՝ շրջափակել է անկլավը՝ զրկելով սնունդ ու դեղորայք ստանալու հնարավորությունից։

XS
SM
MD
LG