Գազայում չորս մարդ սպանվել է, մի քանիսը վիրավորվել, երբ իսրայելական կողմը կրակ է բացել Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնություն բաժանող կենտրոնի մոտ խմբված պաղեստինցիների ուղղությամբ, հայտարարել են տեղի շտապօգնության աշխատակիցները։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ զորքը նախազգուշական կրակոցներ է արձակել, միաժամանակ շեշտել, թե «կարիքավորները պետք է այդ բարեգործական կենտրոններից օգտվեն միայն առավոտյան 6-ից մինչև երեկոյան 6-ը», քանի որ դրանից առաջ կամ հետո տարածքը համարվում է ռազմական գոտի։
Մերձավոր Արևելքում հերթական այս պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ արևմուտքում ահաբեկչական համարվող Համասի գլխավորած զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա. զոհվեց շուրջ 1200 մարդ, գերևարվեցին 251-ը։ Մինչ օրս շարունակվող պատասխան գործողությունների հետևանքով, ըստ Գազայի իշխանությունների, սպանվել է ավելի քան 54,000 պաղեստինցի, ափամերձ անկլավի մեծ մասը հողին է հավասարեցվել։