Իսպանիայի գլխավոր դատախազը կանգնել է դատարանի առաջ՝ ընդդիմության դեմ գաղտնի տեղեկությունների արտահոսք կազմակերպելու մեղադրանքով։
Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գլխավոր դատախազի դեմ գործ է հարուցվել նրա պաշտոնավարման ընթացքում՝ սասանելով սոցիալիստ վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարության դիրքերը։
Ըստ քննության, 57-ամյա Ալվարո Գարսիա Օրտիսը լրատվամիջոցներին է փոխանցել Մադրիդի ազդեցիկ աջակողմյան առաջնորդ Իզաբել Դիաս Այուսոյի գործընկերոջ՝ Ալբերտո Գոնսալես Ամադորի դեմ քրեական գործի մանրամասները՝ ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Այսօր դատարանում Օրտիսը կրկնել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Կառավարությունը ևս հայտարարել է, թե վստահում է գլխավոր դատախազին և չի դիտարկում նրա պաշտոնանկության հարցը։ Եթե դատարանը Օրտիսին մեղավոր ճանաչի, վերջինս կարող է զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև մի քանի տարվա ազատազրկման դատապարտվել։