Մատչելիության հղումներ

Ոստիկանական զորքը հսկում է Հովհաննավանքը և կարգալույծ քահանայի տունը. ի՞նչ են կանխում ու ինչի՞ց են զգուշանում


Ինչո՞ւ է ոստիկանական զորքը հսկում Հովհաննավանքը, երբ վարչապետ Փաշինյանը մասնակցում է կարգալույծ քահանայի պատարագին։ Ինչի՞ց են վախենում, ի՞նչ են կանխում։

Ըստ ներքին գործերի նախարարի, մասնակիցների քանակը հաշվի առնելով են որոշում, որ Փաշինյանի այցը մեծ թվով ոստիկաններ հսկեն։ Փորձեց պարզաբանել Արփինե Սարգսյանը՝ պատարագը համեմատելով սպորտային միջոցառումների հետ։ Ըստ նախարարի առաջնորդվել են զուտ տեխնիկական հաշվարկով, թե ի՞նչ են կանխում ու ինչի՞ց են զգուշանում, փակագծեր չբացեց։

«Ըստ իրավիճակի, ոստիկանությունը գնահատում է առկա իրավիճակը, ընդ որում անձանց թվակազմից կախված է նաև որոշարկվում, թե որքան ոստիկանական ուժեր են անհրաժեշտ տեղում, որպեսզի կարողանա իրավիճակը լինել ոստիկանության տեսադաշտում և կառավարության շրջանակներում։ Մենք ունեցել ենք ընդհուպ մարզական միջոցառումներ, սպորտային միջոցառումներ», - ասաց Սարգսյանը։

Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավին միացած կարգալույծ քահանայի տունն էլ են հսկում ոստիկանները։ Սա ինչո՞վ է պայմանավորված։ Արփինե Սարգսյանն ասաց՝ քննչական մարմնի որոշումն են կատարում։

Մինչև լրագրողների հետ զրույցը, Արփինե Սարգսյանը պատգամավորների հարցերին էր պատասխանում։ Օհանավանի հասարակական կարգի պահպանման համար ինչո՞ւ են տարբեր մարզերից ոստիկաններ բերում, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր հարցնում. «Ես հասկանում եմ՝ հասարակական կարգի պաշտպանություն, բայց ուզում եմ հասկանամ, օրինակ, Արաբկիրի փոխոստիկանապետ Բաղյանը ի՞նչ էր կորցրել Արագածոտնի մարզի Հովհաննավանքում։ Ղազարյանը ի՞նչ էր անում։ Այդ խեղճ տղան ի՞նչ էր անում, տարել, կանգնացրել եք ու հարյուրներով»

«Հովհաննավանքի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է և շարունակելու է հասարակական կարգ անվտանգություն ապահովել, եթե դրա կարիքը լինի։ Մենք բազմաթիվ կրոնական միջոցառումներ ենք ունենում տարբեր եկեղեցիներում, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ և անվտանգություն է ապահովում։ Նույն օրը Մայր Աթոռում ոստիկանությունը կրկին հասարակական կարգ և անվտանգություն է ապահովել։ Մենք ունեցել ենք կրոնական տարբեր տոնական միջոցառումներ, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ և անվտանգություն է ապահովել», - արձագանքեց Սարգսյանը։

Եթե իրավապահները ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ օրենքով են առաջնորդվում, ինչո՞ւ նույնքան աչալուրջ չեն Փաշինյանի թիրախում հայտնված հոգևորականներին, Մայր Աթոռին առնչվող հարցերում։ Օրինակ՝ ի՞նչ են արել, որ Հովհաննավանքից հեռացնեն կարգալույծ քահանային։ Նախարարն այս մասին ոչինչ չասաց։

Մայր Աթոռը օրեր առաջ էր դիմել ոստիկանություն, որ կարգալույծ քահանային՝ Տեր Արամին, հեռացնեն եկեղեցուց, քանի որ նա, ըստ Էջմիածնի, իրավունք չունի հոգևոր ծառայություն մատուցել ու սրբապղծությամբ է զբաղված։

Ստեփան Ասատրյանը, որ Փաշինյանի հետևորդն է իրեն համարում, դեռ եկեղեցում է ու հեռանալու միտք չունի ու երկրորդ կիրակին է վարչապետին ու նրա թիմակիցներին է հյուրընկալում։


XS
SM
MD
LG