Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարի միջև ստորագրված նոր համաձայնագրում ներառված կարգավորումները հաստատվել են Խորհրդի միջուկային կոմիտեի կողմից։
Սեպտեմբերի 9-ին ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին X-ի իր էջում գրել էր. «Կահիրեում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ համաձայնեցրինք Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական եղանակները»:
Սեպտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը պարունակում է Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցությունը վերսկսելու պայմանավորվածություններ։ Իրանը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցրել էր հունիսին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո։
«Այս պայմանավորվածությունների տեքստը վերանայվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի միջուկային կոմիտեի կողմից, և ստորագրվածը, ըստ էության, նույնն է, ինչ հաստատվել է այդ կոմիտեի կողմից», - ասվում է հայտարարության մեջ։
Իրանի անվտանգության բարձրագույն խորհուրդը շեշտել է, որ Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնեցված նոր պայմանավորվածությունների իրականացումը կդադարեցվի, եթե Իրանի և նրա միջուկային օբյեկտների դեմ ձեռնարկվեն որևէ թշնամական գործողություններ, ներառյալ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը, որոնք վերացվել էին 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակում: