Մատչելիության հղումներ

Ինչու է ընկնում ռուբլին և մինչև ուր կարող է հասնել


Այս շաբաթ ռուսաստանցիները դեժավյու ապրեցին․ ռուբլին կրկին աննախադեպ անկում գրանցեց դոլարի նկատմամբ, ինչպես Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին օրերին, երբ արևմտյան երկրներն աննախադեպ պատժամիջոցներ սահմանեցին՝ հնարավորինս մեկուսացնելով Ռուսաստանի տնտեսությունը։ Արդեն մի քանի օր է՝ Forex աճուրդում դոլարը վաճառվում է մոտ 115, եվրոն՝ ավելի քան 120 ռուբլով։ Փաստացի մեկ օրում ռուսական դրամն արժեզրկվել է մոտ 10 տոկոսով։

Տնտեսագետների մի մասը պնդում է՝ դա տեղի է ունեցել Միացյալ Նահանգների հեռացող նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված նոր պատժամիջոցների պատճառով, որոնք այս անգամ տարածվեցին նաև ռուսական տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող գազի և նավթի վաճառքից եկամուտներ ստացող «Գազպրոմբանկ»-ի վրա։ Երեկ, երբ լրագրողներից մեկը այս մասին հարց է ուղղել Կրեմլի խոսնակին, Դմիտրի Պեսկովը պնդել է՝ անհանգստանալու կարիք չկա, Ռուսաստանն իրավիճակից դուրս գալու ելքը կգտնի։

Փորձագետները ևս փաստում են, որ ամոբղջական էմբարգոյի դժվար է հասնել։ Մյուս կողմից, «նոր մեխանիզմների հաստատումը հավելյալ ջանքեր ու կողմնակի խնդիրներ կառաջացնի՝ բերելով ռուբլու շարունակական անկման», Տելեգրամի իր ալիքում գրել է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Եվգենի Կոգանը, հավելելով՝ «ռուբլին, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին կշարունակի արժեզրկվել ամերիկյան դոլարի նկատմամբ»։

Ռուբլու գնանկումը կասեցնելու համար երկու օր առաջ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց, թե մինչև տարեվերջ արտարժույթ չի գնի ներքին շուկայից, ինչը նշանակում է, որ ռուբլու շրջանառությունը կնվազի՝ ամրապնդելով դրա դիրքերը։ Կենտրոնական բանկի այս քայլը օգնեց, բայց ոչ ամբողջությամբ, փաստում են մասնագետները։

Ռուսաստանի կենտրոնական բանկը
Ռուսաստանի կենտրոնական բանկը

Տնտեսագետ Մաքդիմ Բլանտն էլ նկատում է՝ ռուբլին անկում է ապրում ոչ միայն «ոչ բարեկամ երկրների արտարժույթի՝ դոլարի ու եվրոյի, այլև չինական յուանի նկատմամբ, և այս պայմաններում հստակ է, որ տարեվերջին գնաճը պաշտոնապես հայտարարված 9 տոկոսից ավելին կլինի»։

«Արտասահմանյան, այդ թվում՝ չինական ապրանքներից հետո կթանկանան նաև ռուսական ապրանքները, քանի որ դրանց մեծ մասը ստանալու համար օգտագործվում են արտասահմանյան բաղադրիչներ և տեխնոլոգիաներ։ Հետաևաբար՝ ռուսական արտադրանքն էլ է թանկանալու։ Մինչև նոր տարի գնաճի պաշտոնական 9 տոկոսը հեքիաթ կթվա», - ասում է Բլանտը։

Փորձագետների համոզմամբ, ռուսական արժույթի վերջին անկումը կապված է նաև ուկրաինական ռազմադաշտում թեժացող իրավիճակի հետ։ Ռուբլու դիրքերը սկսեցին խարխլվել, երբ Միացյալ Նահանգներն ու եվրոպացի դաշնակիցներն արտոնեցին Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքերին։ Ռուսաստանը պատասխանեց արդիական «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով, ավելին, նախագահ Պուտինը հայտարարեց, թե կարող է նաև միջուկային զինանոցը գործի դնել։

Տնտեսագետներն ասում են, որ սա կարող է էլ ավելի խարխլել վստահությունը ռուսաստանյան տնտեսության հանդեպ։ Նախագահ Պուտինը, սակայն, երեկ շտապեց հանգստացնել՝ ամեն ինչ վերահսկողության տակ է, այդ թվում՝ տնտեսական դաշտում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

«Ինչ վերաբերում է ռուբլու կուրսի տատանումներին․ դա միայն գնաճի հետ չէ կապված, այլ՝ բյուջե կատարվող վճարումների, նավթի գնի, և սեզոնային գործոնների։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, իրավիճակը վերահսկողության տակ է, և հաստատ խուճապի մատնվելու կարիք չկա», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը։

Ըստ տնտեսագետների՝ ազգային արժույթի թուլացումն առավել մրցունակ է դարձնում երկրի տնտեսությունը, բայց, կասկածելի է, որ այս սկզբունքը կաշխատի Ռուսաստանի դեպքում։ Փոխարենը հստակ է, որ առաջիկայում Ռուսաստան ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ զենք-զինամթերքի արտադրության համար անհրաժեշտ դետալների գինը կբարձրանա։

Գնաճը վերահսկելու համար Կենտրոնական բանկը, որպես կանոն, վերաֆինանսավորման տոկոսադրույքն է բարձրացնում։ Միայն թե Ռուսաստանում Կենտրոնական բանկն արդեն գնացել է այդ քայլին ընդամենը մեկ ամիս առաջ՝ վերաֆինանսավորման ցուցանիշը հասցնելով ռեկորդային 21 տոկոսի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG