«Թոշակառուների թոշակը ամսեկան 10 հազար 400 դրամով ավելացնեք, ի՞նչ ա անելու թոշակառուն, էդ գումարը ի՞նչ ա անելու, ինչի՞ վրա ա ծախսելու», - շուրջ երկու ամիս առաջ հայտարարում էր Հայաստանի վարչապետը:
«Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան», - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա հետևաբար ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես էդ փողը արդյունավետ օգտագործի», - ասում էր Փաշինյանը երկու ամիս առաջ:
«Ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ», - ասաց վարչապետը այսօր:
Ինչո՞ւ ընտրություններից երեք ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխեց դիրքորոշումը և որոշեց, որ այնուամենայնիվ պետք է բարձրացնել թոշակառուների կենսաթոշակը: Ընդամենը երկու ամիս առաջ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հիմնավորում էր, թե ինչու դա չպետք է անել:
Պնդելով, որ իրենց հետազոտություններով՝ թոշակառուները ամենաշատը ծախսում են առողջապահության վրա, իսկ Կառավարությունն էլ արդեն իսկ ներդրել է առողջապահության ապահովագրությունը, վարչապետն արձանագրել էր, որ թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու կարիք չկա. - «Մենք էդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ»:
Եթե ուղիղ երկու ամիս առաջ Փաշինյանը պատմում էր, որ թոշակառուները Հայաստանում մեծ թիվ են կազմում, ավելին՝ 2018-ի համեմատ թշակառուները ավելացել են 100 հազարով, որ բյուջեից ահռելի ծախսեր են արվում, առողջապահական համակարգից բացի նաև անկախիկ առևտրից հետվճար են տալիս, և այլն, այսօր արդեն նա պնդում էր՝ թոշակները բարձրացնում են, քանի որ անցած տարի տնտեսական մեծ աճ են արձանագրել:
«Ուզում եմ պարզաբանել, թե ինչու է որոշումը կայացվում հիմա, և ինչի հետ է կապված հենց հիմա որոշում կայացնելը: Առաջինը՝ դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականին եղել է կանխատեսվածից ավելի բարձր», - այսօր ասաց վարչապետը:
Ինչո՞ւ երկու ամիս առաջ տնտեսական զգալի աճի մասին Փաշինյանը չէր հիշում:
Վերընտրության ձգտող Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն հիշել, որ թոշակները բարձրացնելը իր Կառավարության խոստումներից մեկն էր:
«Որովհետև շատ ա գնում՝ «դուք էս եք խոստացել, էս եք խոստացել, էս եք խոստացել, չեք արել, էն չեք արել», - ասում էր Փաշինյանը ամիսներ առաջ:
«Ես կարծում եմ, որ այսպիսով, շատ կարևոր է արձանագրել, որ մենք կկատարենք և կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու և միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որը մենք պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը: Եվ այսպիսով՝ մենք մեր հանձնառությունը կատարում ենք», - այսօր հայտարարեց վարչապետը:
Այն, որ Փաշինյանն իր այլ խոստումների հետ միասին չի կատարել նաև թոշակները բարձրացնելու խոստումը, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի առանցքային անդամներից Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել էր նաև երեկ՝ «Ազատության» հետ զրույցում:
«Ի՞նչ է խոսք տվել, որ արել է այս իշխանությունը: Մեր ժողովրդից քվե է պահանջել, հույս է վաճառել, մեր ժողովուրդը այդ հույսը ստացել է: Երբ մենք նայում ենք, թե ինչ խոստումներ է տվել, թոշակների հետ կապված՝ նա խոսք էր տվել մինչև, իմ հիշելով, 60 հազար բարձրացնել միջին թոշակը, 61, այսօր միջին թոշակը 49 հազար դրամ է, խոսք էր տվել աղքատությունը կրճատել երկու անգամ, աղքատությունը չի կարողացել կրճատի 3 տոկոսով: Խոսք էր տվել, գրել էր», - ասել էր Կարապետյանը:
Այսօր արդեն «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամը, արձագանքելով թոշակները բարձրացնելու՝ վարչապետի հայտարարությանը, պնդել է՝ այդ իրենք են ստիպել Փաշինյանին «խուճապահար բարձրացնել թոշակները»:
«8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգ տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները:
Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու, և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ», - գրել է Նարեկ Կարապետյանը:
Իշխանությունն, ի պատասխան, այսօր շտապել է հիշեցնել , թե որքան էր թոշակը նախկինների օրոք:
«Հիմա եկեք մի պահ նայենք՝ ինչ վիճակ էր 2018 թվականին, երբ որ իշխանություն էին Սերժ Սարգսյանն ու ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրը: Նվազագույն կենսաթոշակի գումարը գիտե՞ք ինչքան էր կազմում՝ 16 հազար դրամ: Այսինքն՝ մենք ութ տարվա մեջ նվազագույն կենսաթոշակը ավելացրել ենք 30 հազար դրամով», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանի կուսակից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը պնդել է՝ իրենց հաջողվել է բարձրացնել թոշակները, քանի որ ի տարբերություն նախկինների՝ վերացրել են բիզնեսներին ճնշելու և կաշառակերության արատավոր պրակտիկան:
«Բայց հանկարծ չխառնեք՝ ազգադավը մենք ենք, ազգայինը և ազգանվերը իրանք են, բարերարը իրանք են, մենք ազգադավն ենք: Ասեմ ավելին՝ ընդդիմությանը, ես հիմա չգիտեմ իրանք ինչ պետք ա ասեն, երևի պետք ա ասեն, որ թուրք-ադրբեջանական հրահանգով ենք բարձրացրել թոշակները», - նշել է ԱԺ փոխնախագահը:
Խոսքը տարեկան 75 մլրդի մասին է, գումարներն էլ վերցնելու են պահուստային ֆոնդից
Դեռևս 2024-ին թոշակների բարձրացման անհնարինության մասին խոսելիս Փաշինյանը պատկերավոր օրինակ էր բերել՝ ցույց տալու համար, որ թոշակները բարձրացնելու ուղիներ չկան. - «Եթե կտրենք հիմա ամբողջ աշխատավարձը ու պարգևավճարները, ավտոներն էլ հետը, ավտոների սպասարկման ծառայությունն էլ հետը, դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարանք բարձրացնենք 9 հազար դրամով»:
Որքա՞ն կկազմի շուրջ 600 հազար թոշակառուների կենսաթոշակները բարձրացնելու գումարը, և որտեղի՞ց է Կառավարությունը գտնելու այդ փողը, որը 2026 թվականի հաստատված բյուջեում ներառված չէ:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ մոտավոր հաշվարկներով՝ խոսքը տարեկան 75 միլիարդի մասին է, գումարներն էլ Կառավարությունը վերցնելու է պահուստային ֆոնդից:
«Պարզ ընտրակաշառք է», - պնդում են ընդդիմությունից
Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ ընտրություններից երեք ամիս առաջ թոշակները բարձրացնելու Փաշինյանի քայլը պարզ ընտրակաշառք է:
«Սա վերածվում է ուղիղ ընտրակաշառքի, ավելին՝ սա վերածվում է պետական բյուջեով ընտրարշավ անցկացնելուն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Եթե հնարավոր էր թոշակները բարձրացնել, որը պետք էր անել, ինչո՞ւ այն նախատեսված չէր բյուջեով, որը անցած տարի քննարկեցինք, ինչո՞ւ է այն պետք անել այսպես, և ընդհանրապես հարց է առաջանում՝ պետությունը մեր կառավարվելու է, ամեն լավ բաները լինելու են միայն նախընտրական վեց ամիսների՞ն», - ընդգծեց դաշնակցական պատգամավորը:
Փաշինյանի Կառավարության առանցքային անդամներից Գևորգ Պապոյանը, մինչդեռ, սխալ է որակում ընդդիմության այս պնդումը:
«Սխալ մեկնաբանություն է նորից՝ էն պարզ պատճառով, որովհետև, էլի եմ կրկնում, պատճառը մեկն է՝ տնտեսական աճը շատ բարձր է: Եթե լինի եկող տարի էլ էլի բարձր, էլի ենք ավելացնելու», - վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կառավարման ութ տարիների ընթացքում կենսաթոշակը երբեք միանգամից 10 հազար դրամով չի բարձրացրել, դա փաստացի խոստանում են անել հունիսին կայանալիք ընտրություններից երկու ամիս առաջ՝ ապրիլին: