Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է փակվում ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը

Երևանի Պետական համալսարանի ամենահին ամբիոնը, որի պատերի ներսում տարիներ շարունակ քննարկվել են Օրուելն ու Հաքսլին, Կաֆկան ու Մարկեսը, այսօր կանգնած է լուծարման վտանգի առաջ։ Մայր բուհի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Անուշ Սեդրակյանն օրերս ահազանգեց՝ գիտական խորհուրդը դիմել է համալսարանի հոգաբարձուների խորհրդին առաջարկով՝ լուծարել գրեթե 100 տարվա պատմություն ունեցող ամբիոնը։

«Արտգրակը նվիրյալներ ամբիոն է, ո՞նց կարելի է մարդկանց հոգևոր շարժը սահմանափակել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սեդրակյանը:

«Իմացել եմ՝ այնպիսի պայմաններում, որոնք ժողովրդավարական որևէ երկրում ընդունելի չէին լինի, որովհետև դա կանոնակարգային խախտում է։ Ասել են, որ ես զգուշացված եմ: Ես զգուշացված եմ եղել տարբեր տիպի ներքին խոսակցությունների մակարդակով, որ «ամբիոնը պիտի փակվի, ամբիոնի ժամերը քիչ են, քո քաղաքական դիրքորոշումն էլ, մեղմ ասած, պրոիշխանական չի, այդ երկու գործոնների համակցությունը բերում է նրան, որ ամբիոնը պետք է փակվի, որովհետև գնում է տենդենց խոշորացման», - նշեց նա:

ԵՊՀ-ից օրվա ավարտին հայտարարեցին, որ սա համակարգային բարեփոխումների մի մասն է, 10-ից ավելի ամբիոներ արդեն միավորվել են, արտասահմանյան գրականության ամբիոնն էլ փոքր է, բակալավրիատ արդեն չունի, իսկ չորս մագիստրոսները կավարտեն ծրագիրը։

Մայր բուհից ընդգծում են՝ անձերով չի պայմանավորված այս փոփոխությունը, որի գործընթացը սկսվել է դեռ 2021-22 թվականներին։ Բացառում են քաղաքական ենթատեքստը։

Մինչդեռ ընդդիմադիր հայացքներով հայտնի դասախոսը, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» կուսակցության ցուցակում էր ընդգրկված, պնդում է՝ կուլիսային խոսակցությունը լրիվ այլ բանի մասին էր։

«Ես սա համարում եմ տիպիկ բոլշևիկյան գործիքակազմ և տիպիկ բոլշևիկյան, հեղափոխական, չէ՞, սկսում են հեղափոխականությամբ, վերջացնում են դիկտատուրայով... Եթե դու դիկտատուրայի մի խրամատը հանձնում ես, հանձնելու գալիս է երկրորդի ժամանակը: Եվ այո, եթե սա ժողովրդավարական է, ես իրավունք ունեմ ունենալ իշխանական քարոզչական և քաղաքական գծի հակառակ կարծիք, որը ես լսարանում չեմ հնչեցնում, ուսանողների հետ մասնավոր խոսակցությունների ժամանակ չեմ հնչեցնում», - ընդգծեց Սեդրակյանը:

«Մրցութային ընթացակարգերի արդյունքում տվյալ թեկնածուն չի համապատասխանել սահմանված պաշտոնական պահանջներին», - Անուշ Սեդրակյանի մասին այսպիսի բացատրություն է տալիս մայր բուհը:

«Ուսումնական գործընթացը չխաթարելու և կրթական ծրագրի իրագործումը մինչև ուսումնական տարվա ավարտը հասցնելու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը Անուշ Սեդրակյանին նշանակել է պաշտոնակատար՝ հնարավորություն տալով անցումային փուլում շարունակելու աշխատանքը», - փոխանցում են համալսարանից:

Քննարկման առարկան, սակայն, միայն մեկ դասախոսի ճակատագիրը չէ, այլ նաև՝ այն ակադեմիական և գրական ժառանգությունը, որը տասնամյակներ շարունակ ձևավորվել է արտասահմանյան գրականության ամբիոնում։

Այստեղ դասընթացներ են կարդացել եվրոպական մշակույթի ու լեզուների փայլուն գիտակներ, այդ թվում՝ գրող Զապել Եսայանը։ Ամբիոնի դասախոսները տասնամյակններ շարունակ հայերեն են ներկայացրել
Շեքսպիրին, Լոուրենսին, Բորխեսին, Բլեյքին, Հոսեյնին և այլ մեծերի։

«Երբ որ Օրուելը գրում էր «1984»-ը, ո՞ւմ մտքով կանցներ, որ մենք կգտնվենք այդ գմբեթի տակ ապակե, իսկ էդ ապակե գմբեթը գիտե՞ք որն է՝ դա այդ digital reality-ն է, որը մեզ ապակե գմբեթի պես հետ է պահում իրական կյանքից: Եվ էս զուգահեռները բազմաթիվ են», - ասաց Սեդրակյանը:

Ոչ թե ինչ է գրված, այլ՝ ինչու է գրված. արտգրակի ամբիոնն այն քիչ տեղերից մեկն է, որտեղ ձևավորվում է մտածող հասարակությունը։ Սեդրակյանի համոզմամբ՝ հենց այստեղ է ձևավորվում այն գիտակցությունը, որ կարող է հասարակությանը դարձնել ավելի ազատ ու մտածող։

«Եթե գրականությունը քո հետ տալիս է նեգատիվ զուգահեռ այնպես, որ բոլորը ճանաչում են, [...] մի հատ մտածիր քո վերաբերմունքի մասին, որովհետև ձեռագրերը, ինչպես ասում է Բուլգակովը, չեն այրվում», - ընդգծեց Անուշ Սեդրակյանը։

Ձեռագրերը չեն այրվում, բայց լեզուներն ու հեղինակները տարանջատվում են։ ԵՊՀ-ից դեռ հստակ չեն ասում՝ խոշորացման արդյունքում որ ամբիոնին կմիանա արտգրականությունը։

Ու մինչ համալսարանի ղեկավարությունը քննարկում է մոտ մեկդարյա պատմություն ունեցող ամբիոնը գուցե գերմանական, անգլիական, ֆրանսիական բանասիրության ամբիոնների միջև մաս առ մաս բաժանելու հարցը, մայր բուհի պաշտոնական կայքը դեռ հպարտությամբ գովազդում է. - «Վերջին երեք տարիների աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան գրականության կրթական ծրագրի շրջանավարտներն աշխատաշուկայում ամենապահանջվածն են»:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG