Վարչապետի աշխատակազմն ու Արտաքին գործերի նախարարությունը ողջ օրվա ընթացքում այդպես էլ չբացատրեցին՝ ինչու են Մոսկվային խնդրել, որ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մակարդակով տարեվերջին նախատեսված նիստն անցկացվի Ռուսաստանում:
Հայաստանը հունվարից 1 տարով ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, սա նշանակում է, որ կառույցի բարձագույն խորհրդի նստերը պետք է անցկացվեն նախագահող երկրում: Մինչդեռ երեկ Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնեց, որ դեկտեմբերի 25-ին սպասվող հավաքը հայկական կողմի խնդրանքով կայանալու է ոչ թե նախագահող պետության՝ Հայաստանի, այլ Ռուսաստանի տարածքում, սակայն այն կնախագահի ՀՀ վարչապետը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր պնդեց, թե մանրամասներից տեղյակ չէ:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից մինչեռ շեշտեցին՝ թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան չէին ցանկանա, որ տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հավաքն անցկացվեր Հայաստանում, ընդ որում՝ երկուսի դեպքում էլ, ըստ պատգամավոր Արթուր Խաչատրյանի, պատճառը Հռոմի կանոնադրությունն է: Այն վավերացնելուց հետո Հայաստանը պաշտոնապես Միջազգային քրեական դատարանի անդամ դարձավ: Հենց այս դատարանն է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։
«Հայաստանը ռադիֆիկացրել է Հռոմի ստատուտը և պարտավորված է կատարել այն, ինչ պահանջված է, բայց չեմ բացառում, որ նախաձեռնությունը հյուսիսից է եկել, որ ասեն՝ դե դուք ընդունել եք, դուք էլ տակից դուրս եկեք», - ասաց պատգամավորը։
Հայաստանի որևէ պաշտոնյա մինչև օրս հստակ չի ասել՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան, նրան կձերբակալեն, թե ով։ Ավելին՝ վարչապետ Փաշինյանն ամիսներ առաջ անգամ ասել էր, թե դա իրավապահների որոշելիքն է:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն այսօր այդպես էլ ուղիղ չասաց՝ արդյոք Հռոմի կանոնադրության և դրանից բխող պարտավարություններից խուսափելու համար է կառավարությունը դիմել ռուսական կողմին՝ ԵԱՏՄ առաջիկա նիստն այնտեղ անցկացնելու համար: Նա տեղեկություն չունի, բայց և պնդեց, թե ընդդիմությունը դավադրություններով է զբաղված, երբ ասում է, թե Պուտինի ձերբակալման հարցն է պատճառը, որ Հայաստանը խնդրել է նիստն անցկացնել Ռուսաստանում:
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց Պուտինի սեպտեմբերի այցը Մոնղոլիա: Այդ երկիրը թեև միացել է Հռոմի կանոնադրությանը, բայց Ռուսաստանի նախագահին ընդունեցին հանդիսավոր արարողությամբ: Եվրամիությունից քննադատեցին Մոնղոլիային օրենքով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու համար:
«Հայաստանի իշխանությունները հիմա հավանաբար չէին ցանկանա նման ճնշման տակ հայտնվել», - ասաց Արթուր Խաչատրյանը:
Պուտինն, ի դեպ, օրերս չմասնակցեց Բրազիլիայում տեղի ունեցած «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին։ Նշվում էր, որ Բրազիլիան հնարավոր է կատարեր Միջազգային քրեական դատարանի որոշումն ու ձերբակալեր Պուտինին։ Ինքը՝ Ռուսաստանի նախագահը բացատրել էր, թե իր այցով հնարավոր է խաթարվի գագաթնաժողովի աշխատանքը։