«Վարորդը ղեկին քնել է», - Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանն է նախնական վարկած առաջ քաշում՝ անդրադառնալով օրերս շտապօգնության մեքենայի վթարին, ինչի հետևանքով բժիշկը մահացել է, իսկ բուժքույրը վերակենդանացման բաժանմունքում է:
Առողջապահական ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանն էլ հարցնում է՝ քրեական գործ է հարուցվել, փորձաքննությունը դեռ չի ավարտվել, առաջ ընկնելով վարկածներ հնչեցնելու իմաստը ո՞րն է: Մի հարց էլ Վարդանյանն ունի. - «Բա ինչո՞ւ է ձեր վարարոդի աչքը կպնում»:
Վարդանյանի այս հարցին պատասխանում են ֆեյսբուքյան մեր գրառմանն արձագանքած՝ շտապօգնության մի քանի վարորդներ խնդրեցին իրենց գրածն անանուն հրապարակել: Մեջբերում վարորդների նամակներից. - «Բա հետո էլ գնում տաքսի ենք քշում, մարդիկ կան, ուրիշ գործ են անում, քնելն էլ ինչքան հասցնենք: Բա էդ փողով հնարավոր չի ապրել: Հա, բարձրացրել են փողը, բայց չենք տեղավորվում դրա մեջ»:
Առողջապահության նախարարությունից ասում են՝ 2018-ից հետո շտապօգնության ոլորտում մշտական բարեփոխումները շարունակվում են: Տնօրեն Ռուբեն Գրիգորյանը հիշեցնում է՝ թարմացվել է ավտոպարկը, աշխատանքային պայմանները բարելավվել են, աշխատանքը թվայնացված է, թղթերին փոխարինելու են եկել պլանշետները, մոտ երկու անգամ բարձրացել է աշխատավարձը, բայց ընդունում է՝ «Ազատության»-ը նամակ գրած վարորդների նշած փաստը կա:
Շտապօգնության աշխատակիցները 24-ժամյա հերթափոխով են աշխատում՝ օրումեջ պարբերականությամբ:
Վարորդները մեկ օրվա համար վարձատրվում են 20 համար 592, բժիշկները՝ 36 հազար 300, միջին աշխատողները՝ 20 հազար դրամ՝ հարկերը ներառյալ: Առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը, որ այս ոլորտում տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, ընդունում է, որ առաջընթաց կա, բայց դրա արդյունավետությունը բավարար չէ: Կարծում է՝ շտապօգնության վարձատրությունը պետք է այլ կերպ հաշվարկել: Վարդանյանը մի հարց էլ ունի՝ վարորդների առողջական վիճակը ստուգող կա՞:
«Ավելի քան 200 վարորդ ունենք, մի այդքան էլ բժիշկ ու միջին բուժաշխատողներ», - ասում է Երևանի շտապօգնության տնօրենն ու ընդգծում՝ այս թիվը բավարար է: Բայց ընդունում է՝ չկա այդպիսի ստուգում, դա ոչ որևէ չափորոշիչով է պարտադրված, ոչ էլ օրենքով:
Թե՛ փորձագետը, թե՛ շտապօգնության տնօրենը մի հարցում համակարծիք են՝ այս սեզոնին շտապօգնության կանչերը շատ չեն: Գրիգորյանը հիշեցնում է՝ լուսաբացին է դեպքը տեղի ունեցել: «Ազատության»-ը նամակ գրած վարորդներն էլ ասում են՝ վաղն էլի նույն գրաֆիկով են շարունակելու՝ գործից հետո տաքսի են վարելու, հաջորդ օրը կրկին շտապօգնության ղեկին նստելու:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.