Կրթության նախարարությունը որոշել է հունվարի 1-ից դադարեցնել «Էրազմուս+» կրթական ծրագրի ազգային գրասենյակի գործունեությունը: «Էրազմուս+»-ը ուսանողների փոխանակման ծրագիր է Եվրամիության ֆինանսավորմամբ: Այս ծրագրի շնորհիվ ուսանողները կարողանում են եվրոպական համալսարաններում կրթությունը շարունակել կամ վերապատրաստվել:
Երևանում ազգային գրասենյակը թիրախային խմբերին տեղեկատվություն ու խորհրդատվություն տրամադրելու համար է, այսինքն՝ կապ չունի ուսանողների ընտրության ու եվրոպական համալսարան գործուղելու հետ: Կրթության նախարարությունը դժգոհ է՝ նախագծերը, որ ուսանողներին հասցրել են եվրոպական համալսարաններ, նպատակին չեն ծառայել, վերածվել են զբոսաշրջության և էական ազդեցություն չեն ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա: Այս հիմնավորումն են ներկայացրել ազգային գրասենյակին ու իրենց ձեռքը վերցրել աշխատանքը, մինչև նոր գրասենյակի մրցույթ կհայտարարեն:
«Քանի որ նախարարությունը կասկածի տակ է դնում այս գրասենյակի կողմից իրականացվող գործունեության արդյունավետությունը, նույն տրամաբանությամբ ես կասկածի տակ եմ դնում, որ այս պահին նախարարությունն ունակ է արդյունավետ տեղեկատվություն և իրազեկում իրականացնել», - ասաց Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության նախագահ Գրիգոր Երիցյանը, որ կրթական համակարգի միջազգայնացման ուղղությամբ է աշխատում ու շատ լավ գիտի այս գրասենյակի աշխատանքի էությունը:
Նա կասկածում է, որ նախարարությունը կկարողանա այդ աշխատանքը նույն որակով կատարել. - «Մեկ օրում նախարարությունը կամ նախարարության ստորաբաժանումը չի կարող փոխարինել գրասենյակը, որովհետև գրասենյակն ունի տարիների կուտակած փորձ, և այդ փորձ մեկ ամսում, մեկ տարում կուտակել հնարավոր չէ»:
Ինչի՞ց են եզրակացնում, որ գրասենյակն անարդյունավետ է աշխատել, հարցնում է Գրիգոր Երիցյանը: Նախարարությունն էլ կոնկրետ փաստեր չի ներկայացրել:
«Ես կարծում եմ, որ հիմնական նպատակն այն է, որ հնարավորինս շատ կառույցներ լոյալ մարդկանցով և յուրայիններով լցված լինեն, և այս քաղաքականությունը մենք դժբախտաբար տեսնում ենք ոչ միայն այս դեպքում», - նկատեց նա:
Որքանո՞վ է հիմնավորված նախարարության որոշումը, և արդյոք կրթությունը զբոսաշրջության վերածելու մեղադրանքի հետ կապ ունի՞ այս կառույցը, գրասենյակի համակարգող Լանա Կառլովան խոստացավ վաղը խոսել «Ազատության» հետ: Մինչ այդ արդեն նախարարության մեղադրանքին արձագանքել են հայտարարությամբ, շեշտել, որ Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակը բացառապես թիրախային խմբերին տեղեկություն ու խորհրդատվություն տրամադրելու նպատակով է: Նախարարության հիմնավորումների հասցեատերերը այլ դերակատարներ են, նշված է հայտարարությունում:
«Նախարարության հիմնավորումները կարող են վերաբերել տարբեր դերակատարների, այդ թվում՝ բազմաթիվ նախագծերի մասնակից բուն նախարարությանը, բայց ոչ Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակին. մենք չունենք լիազորություն՝ իրականացնելու նախագծերի գնահատում, ընտրություն և/կամ մոնիթորինգ», - ասված է հայտարարության մեջ:
Գրասենյակից պատասխանել են, թե վերջին երկու տարվա հարցումները ցույց են տվել, որ շահառուները գոհ են իրենց աշխատանքից: Բացի այդ, գրասենյակը, որի հետ չի ուզում աշխատել նախարարությունը, ունի բարձր վստահություն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության շրջանում։
Ազգային գրասենյակի գործառույթը կշարունակի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, մինչև մրցույթ հայտարարվի, ու նոր գրասենյակ ձևավորվի: Նախարարությունից վստահեցնում են, որ «Էրազմուս+» -ի ընթացիկ ու նոր հայտարարվող մրցութային ծրագրերը բնականոն հունով շարունակվում են: